Ի՞նչ տոն է Բարեկենդանը. երբ է նշվելու

Ի՞նչ տոն է Բարեկենդանը. երբ է նշվելու

Բարեկենդանը խրախճանքի ու զվարճանքի տոն է: Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը, իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող կիրակին է:

Բարեկենդանի տոնական ուտեստների մեջ նախապատվելի են առատ մսով, յուղով, կաթնեղենով ուտելիքները: Բարեկենդանի սեղանների անբաժան ուղեկիցներն էին նաև գաթան և հալվան:  Վերջին օրը երեկոյան կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից` խաշած ձու:

Բարեկենդանին թոնիրը միշտ վառ պիտի լիներ և սեղաններին ամեն ինչ պետք է առատ լիներ:

Բարեկենդանը ավելի մեծ շուքով է նշվել քան Ամանորը, որովհետև Բարեկենդանի տոնը երկրագործական նոր տարին սկսելու նախապատրաստական ծիսական արարողակարգ էր:

Բարեկենդան բառը հավանաբար առաջացել է բարի կենդանություն բառակապակցությունից: Գարնանամուտի զարթոնք ապրող բնության գործընթացը աշխուժացնելուն են միտված բոլոր հմայական խաղերն ու տոնածիսական ճաշերի պատրաստումը: Ժողովրդական տոնախմբության հիմքում ընկած է միասնական զոհաբերման գաղափարը  հանուն ընդհանուրի բարօրության: Այս սկզբունքից ելնելով` յուրաքանչյուրը պարտավոր էր մասնակցել համընդհանուր տոնածիսական արարողություններին:

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմից տեղեկանում ենք, որ այս տարի տոնը կնշվի հունվարի 22-ին։