Անտառամուտ և Գեղասար բնակավայրերում բացվել են նախադպրոցական կրթական կենտրոններ

Լոռու մարզի Անտառամուտ և Գեղասար բնակավայրերում հանդիսավորությամբ բացվել են նախադպրոցական կրթական կենտրոններ:
Նորամուտի արարողություններին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներակայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի, դեսպանատների, միջազգային կառույցների, համայնքապետարանների պաշտոնյաներ, ներկայացուցիչներ:
Կենտրոնի բացումը հնարավոր է դարձել Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
Այսպիսով, Լոռու մարզում այս նախաձեռնության շրջանակներում արդեն թվով վեց այլընտրանքային մանկապարտեզ է գործում: Նախկինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերով այլընտրանքային մանկապարտեզներ են բացվել նաև Շամուտ, Ահնիձոր, Մարց և Ջիլիզա բնակավայրերում:
Փոխնախարարն իր խոսքում նշել է, որ նախադպրոցական կրթական կենտրոնների ընդլայնումը կառավարության գերակա ուղղություններից է և մինչև 2026 թվականը բոլոր բնակավայրերի երեխաների համար պետք է հասանելի դառնա այս ծառայությունը։ Ծրագիրն ունեցել է պետական շարունակություն․ արդեն անցած տարվանից պետական բյուջեից համայնքներին դրամաշնորհներ են տրամադրվել այլընտրանքային նախադպրոցական հաստատություններ հիմնելու համար։
Նախակրթարանների բացման առիթով ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել նաև մարզպետի տեղակալը.
-Այլընտրանքային մանկապարտեզների հիմնումը այնպիսի փոքր համայնքներում, ինչպիսիք Անտառամուտը և Գեղասարն են, շատ ողջունելի է, քանի որ փոքր համայնքները, բյուջեի սղության պատճառով, հիմնականում չեն կարողանում իրենց թույլ տալ ունենալ նախակրթարաններ: Իսկ նախադպրոցական կրթությունը, ինչպես գիտենք, չափազանց կարևոր կրթական օղակ է. այն երեխաներին հնարավորություն է տալիս լիարժեքորեն պատրաստվելու դպրոցին, տալիս կոլեկտիվում լիարժեքորեն դրսևորվելու հնարավորություն: Մարզպետ Արամ Խաչատրյանի և իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին ծրագիրը նախաձեռնելու և բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Ուզում եմ վստահեցնել, որ Լոռու մարզպետարանն անում է ամեն հնարավորը կրթական ողջունելի նախաձեռնություններին աջակցելու համար: Օգտվելով առիթից՝ նորամուտի կապակցությամբ շնորհավորում եմ նաև նախակրթարանի դաստիարակներին, փոքրիկներին և բոլոր բնակիչներին: Բարի երթ,-ասել է Հ. Ավետիսյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներակայացուցիչն իր խոսքում նշել է, որ յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը փոքր համայնքների համար մշակել է մանկապարտեզի այլընտրանքային մոդել՝ կարևորելով երեխաների կենտրոն հաճախելու անհրաժեշտությունը:
Փոքր և հեռավոր գյուղական վայրերում, որտեղ մանկապարտեզի տարիքի երեխաների թիվը փոքր է, մեկ շնչին բաժին ընկնող ծախսը չափազանց մեծ է, հետևաբար՝ ավանդական մանկապարտեզներ հիմնելը նպատակահարմար չէ անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պատճառով: Այս ամենը հաշվի առնելով՝ կազմակերպությունը նախաձեռնել է այս կարևոր ծրագիրը:
Ներկաներին նորամուտի առիթով շնորհավորել և ողջունել է նաև Ա. Վիկտորինը՝ նշելով, որ Եվրամիությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու նման ողջունելի նախաձեռնություններին: