Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Խորենացի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Խորենացի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Խորենացի փողոցում ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Տապալման արդյունքում ևս մեկ բարդի է արմատից պոկվել, վնասվել է նաև գովազդային վահանակը:

Բարդու տապալման արդյունքում երթևեկելի գոտու մի հատված դարձել է անանցանելի:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նաարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները, ովքեր այս պահին փրկարարների հետ էլեկտրասղոցներով մասնատում են տապալված ծառը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Երևան քաղաքի գնի 1-ին գումարտակի 2-րդ  վաշտի պարեկները, ովքեր սահամանազատել են տարածքը, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, մինչ փրկարարներն ու կանաչապատման աշխատակիցները ճանապարհից հեռացնեն ծառը:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ասում էին.

«Նմանատիպ մի քանի ծառեր կան այս հատվածում, որոնք պետք է պարտադիր հեռացվեն. ամեն պահ հնարաոր է դրանք նույնպես տապալվեն, եթե այս անգամ բարեբախտաբար տուժածներ չկան, ապա հաջորդ ծառի տապալման հետևանքով չգիտես ինչ կլինի:

Լավ կլինի, որպեսզի քաղաքապետարանը այս ծառերը, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում, հրատապ հեռացնի, նոր ծառեր տնկի»: