Դուք կարող եք կանխել էթնիկ հայերի տեղահանման անշրջելի դառնալը․ Կիրակոսյան

Ինը ամիս առաջ ես այս ամբիոնից ասում էի, որ Ադրբեջանը նախագիծ է մշակում՝ ԼՂ-ում հայերի էթնիկ զտում իրականացնելու։ Այդ մասին այսօր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ասաց մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ արդեն հիմա այդ քաղաքականությունը, ցավոք, իրականություն է դարձել․ իննամսյա շրջափակումից հետո, որի ընթացքում դատարանի որոշումները խախտվել են, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց մասշտաբային հարձակում ԼՂ-ի նկատմամբ։

«Դրանից հետո Ադրեջանը բացեց Լաչինի միջանցքը, բայց մի նպատակով, որ 100 հազարից ավելի փախչող մարդկանց դուրս թողնի այնտեղից։ Հազարամյակներ շարունակ ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, իսկ այսօր ԼՂ-ում գրեթե չկան հայազգի մարդիկ։ Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ ինչն է էնթնիկ զտում։ Այսօր, վստահ եմ, ադրբեջանցի գործընկերս կասի, որ հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման ու «խաղաղ ապագայի» նպատակներին, սակայն այդ բառերը ձեզ ծանոթ կթվան, քանի որ նույնն Ադրբեջանն ասաց ինը ամիս առաջ, ապա սովամահության ենթարկեց ԼՂ բնակչությանը, վերջում էլ հարձակվեց այդ մարդկանց վրա՝ ստիպելով լքել իրենց տները»,- ներկայացրեց Եղիշե Կիրակոսյանը։

Նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը նաև կխոսի այն մասին, թե թույլ է տալու ԼՂ բնակիչներին վերադառնալ իրենց տներ, բայց այդպիսի հայտարարություն դեռ երկու տարի առաջ՝ հոկտեմբերին էլ է արվել, սակայն ԼՂ հայազգի որևէ բնակչի թույլ չի տրվել վերադառնալ իր տուն։

«2020 թվականի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնելու քաղաքականություն է վարել։ Այդ իրականությունն այսօր արդեն պարզ է բոլորին։ Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի այս գործի քննության փուլում։ Դուք կարող եք տեղում փոխել իրավիճակն ու կանխել էթնիկ հայերի տեղահանման անշրջելի դառնալը»,- վստահեցրեց Կիրակոսյանը՝ դիմելով ներկաներին։

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձավ նաև ԼՂ-ից առևանգված ու Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերին՝ պնդելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։
Հիշեցնենք, որ այս պահին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում քննվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցը։

Մանրամասները՝ տեսանյութում