Վարչախմբին հեռացնելու փոխարեն՝ աշխարհից գթությո՞ւն ենք մուրում

Վարչախմբին հեռացնելու փոխարեն՝ աշխարհից գթությո՞ւն ենք մուրում

Ցեղասպանության եզրին կանգնած արցախահայությանը փրկելու համար հայ ժողովուրդը դարձյալ, վերջին առնվազն հարյուր հիսուն տարվա պես, մեծ տերությունների բարեգթությունն է մուրում՝ սեփական դավադիր վարչախմբին մի կողմ թողած։ Դեռ մի բան էլ զարմանում է, թե ինչո՞ւ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից, Փարիզի կամ Վաշինգտոնի հասցեական հորդորներից հետո ոչինչ չի փոխվում, Ադրբեջանն այդպես էլ չի ապաշրջափակում Արցախի կյանքի ճանապարհը։ Բազում զրկանքներից հետո էլ հայությունը, հրաշքով պետություն ձեռք բերած, հույս ունի, թե ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ՌԴ-ին կամ այլ ուժերին ուղղված խնդրագրերը պիտի բավարարվեն, դրսից մի քանի սթափեցնող խոսքն էլ կարգի հրավիրի Ադրբեջանին։

Բրիտանացի գրող, Նոբելյան մրցանակակիր Կազուո Իշիգուրոյի «Օրվա մնացորդը» վեպում ծառայապետ Ստիվընսը մտորում է․ «Աշխարհի կարևորագույն որոշումները, ըստ էության, հանրային պալատներում կամ հասարակության ու մամուլի հայացքի ներքո ընթացող միջազգային խորհրդակցությունների մի քանի օրերի ընթացքում չեն կայացվում։ Ընդհակառակը, բանավեճեր են անցկացվում և բեկումնային որոշումներ են կայացվում երկրի մեծահամբավ տների առանձնության ու անդորրի մեջ։ Հասարակության աչքի առաջ այդքան մեծ շուքով ու հանդիսավորությամբ տեղի ունեցածը հաճախ հանգուցալուծումը կամ պարզապես վավերացումն է նման տներում շաբաթներ ու ամիսներ կատարվածի»։ Մինչդեռ մեր ժողովուրդը միամտորեն հույս ունի, թե առանց որևէ ճիգուջանք թափելու՝ որևէ հրապարակային հավաքի ժամանակ, ասենք՝ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովին, հաջակցություն Հայաստանի խոսքեր են հնչելու։

Մեկ-մեկուկես տարի առաջ Հայաստանի և Արցախի նկատմամբ հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունն առավել քան նկատելի էր, բանակցային գործընթացը վերականգնելու կոչեր էին հնչում, և եթե արտահերթ ընտրության արդյունքներով ազգային ուժերը գային իշխանության՝ տրամագծորեն այլ ներքին և արտաքին քաղաքական իրողություններ կլինեին։ Փաշինյանին ժամանակին վռնդած լինելու դեպքում դաշնակիցները, գործընկերներն ու թշնամիները մեզ հետ ստիպված կլինեին հաշվի նստել։ Մինչդեռ «Ապագա կա՛» կարգախոսով Արցախին մարդասիրական աղետ, Հայաստանին էլ՝ նոր պատերազմ ու ավերներ բերած վարչախումբը կյանքի կոչեց Հայոց ցեղասպանությունից ի վեր անկատար մնացած համաթուրքական երազանքը՝ ապահովել թշնամի տարրի աննախադեպ ներկայությունը Հայաստանում և Արցախում։

1992-ի մայիսին Բերձորի ազատագրումից հետո ո՞ւմ մտքով կանցներ, թե Արցախը կարող է հայտնվել երբեմնի վիճակում՝ կտրված աշխարհից։ Ո՞վ կմտածեր, թե Թուրքիան կարող է օրինական ներկայություն ունենալ Ակնայի զավթված շրջանում՝ ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոն հիմնելով, իսկ Քաշաթաղում և Արաքսի հովտում էլ պարբերական զորավարժություններ անել։

Արցախի հայությանը բնաջնջման դատապարտելուց, ավելին՝ այն փաստացի լռելյայն խրախուսելուց հետո ո՞վ կհամարձակվի պնդել, թե Փաշինյանն Արցախը հանձնում է ապիկարության կամ անփորձության հետևանքով։ Ավելի զորեղ ապացույց կա՞՝ հասկանալու, որ այս դավադիր անձը, ձախողելով Արցախի ամբողջական հանձնումը, նրա դեռևս հայապատկան մասից էլ հիմա է փորձում դավաճանաբար գլուխն ազատել։ Այդպիսով Փաշինյանի խունտան թշնամու առաջ միտումնավոր բացելու է նաև Հայաստանի խոր թիկունքը։

Ի վերջո, որպես կրկնակի իշխանազավթ՝ Փաշինյանը երկու տարի առաջ գլխահակ ներողություն չխնդրեց և չհեռացավ ոչ միայն սեփական անվտանգության, այլև ստանձնած պարտավորությունները մինչև վերջ իրականացնելու, այն է՝ Արցախն ամբողջապես օտարելու, իսկ ՀՀ-ն Ռուսաստանի փոխարեն Արևմուտքի, իրականում՝ Թուրքիայի ազդեցության գոտի դարձնելու նկատառումներով։ Հետևաբար՝ նրա վերարտադրությունը և քաղաքական գոյության շարունակումն ունի բացառապես մեկ շահառու՝ Թուրքիա-Ադրբեջան դուետը։

 

Դավիթ Սարգսյան