Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից

Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից

Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից, եթե արևմտյան երկրները կիրառեն Թեհրանի դեմ snapback գործիքակազմը։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Գործիքակազմը ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում։

«Իրանը երբեք որևէ մեկի հետ չի քննարկել կամ խոսել իր պաշտպանական կամ ռազմական հնարավորությունների մասին: <...> Այնուամենայնիվ, եթե snapback մեխանիզմն ակտիվացվի, մեր պատասխանը կլինի համաչափ»:

«Մենք պատճառ չենք ունենա մնալու որոշ պայմանավորվածությունների մեջ»,- պատասխանել է Բաղային տարածվող տեղեկատվության իսկության մասին հարցին, գրել է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ «եվրոպական եռյակի» ներկայացուցիչների հետ Իրանի բանակցություններից հետո իրանցի դիվանագետները եվրոպացիներին նախազգուշացրել են պայմանագրից Թեհրանի դուրս գալու հնարավորության և միջուկային դոկտրինի փոփոխության մասին, եթե Արևմուտքը սկսի այս ընթացակարգը։

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (JCPOA) նախատեսված snapback ընթացակարգը նախատեսում է վերականգնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցները Թեհրանի դեմ։