Դատապարտել, զսպվածության կոչ են արել, հորդորել են Իրանին չպատասխանել Իսրայելի հարձակմանը

Դատապարտել, զսպվածության կոչ են արել, հորդորել են Իրանին չպատասխանել Իսրայելի հարձակմանը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին ինքնապաշտպանության նպատակներով։

Reuters-ը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն այս հարձակմանը չի մասնակցել։ Վաշինգտոնը Թեհրանին կոչ է արել չպատասխանել այդ հարվածին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը կոչ է արել Իրանին զերծ մնալ հոկտեմբերի 26-ին Իսրայելի կողմից երկրի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելուն պատասխանելուց ու կողմերին զսպվածության կոչ է արել։

«Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանվելու իրանական ագրեսիայից: Ես նաև հստակ հավատում եմ, որ մենք պետք է խուսափենք հետագա տարածաշրջանային էսկալացիայից և կոչ անենք բոլոր կողմերին զսպվածության դրսևորել: Իրանը չպետք է պատասխանի»,- ասել է վարչապետը Սամոայում կայացած մամուլի ասուլիսում:

Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի իրականացրած օդային հարվածները՝ դրանք որակելով Իրանի ինքնիշխանության և միջազգային օրենքների ու նորմերի խախտում։ 

«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական հարձակումները, որոնք խախտում են նրա ինքնիշխանությունը և միջազգային օրենքները։

Թագավորությունը նաև հաստատում է իր անսասան դիրքորոշումը տարածաշրջանում շարունակվող էսկալացիայի և հակամարտության ընդլայնման մերժման հարցում, որը սպառնում է տարածաշրջանի երկրների և մարդկանց անվտանգությանն ու կայունությանը», - նշված է X գրառման մեջ։

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունը կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն, զգուշացրել Մերձավոր Արևելքում էսկալացիայի հետևանքների մասին։

Էր Ռիադը միջազգային հանրությանը և ազդեցիկ կողմերին կոչ է արել իրացնել իրենց դերն ու պատասխանատվությունը՝ տարածաշրջանում հակամարտություններին վերջ տալու և էսկալացիան թուլացնելու ուղղությամբ։