Միութենական պետություն, թե «չխաղաղություն»․ Փաշինյանական «հավաստի աղբյուրի» մեղադրանքները ՌԴ-ին

Միութենական պետություն, թե «չխաղաղություն»․ Փաշինյանական «հավաստի աղբյուրի» մեղադրանքները ՌԴ-ին

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող “Հայկական ժամանակ” թերթը հերթական հրապարակումն է արել՝ հղում անելով «հավաստի աղբյուրին»: Այս անգամ հեղինակի թիրախում Ռուսաստանի Դաշնությունն է և ՀՀ դաշնակցային հարաբերությունները:

Ըստ հրապարակման, Ռուսաստանը, փաստացի, աշխատում է Հայաստանի Հանրապետության դեմ, առաջ մղելով իր շահերը, այն է՝ Հայաստանին ներքաշել Բելառուսի հետ Միութենական պետության մեջ: 

«Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։

Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»,- գրում է Հավաստի աղբյուրը:

Այլ կերպ ասած, այս անվան տակ թաքնված անձը, և այդքան էլ բարդ չէ հասկանալ, թե ով է նա, Ռուսաստանին մեղադրում է ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիան բացահայտ ու անթաքույց օգտագործելու համար: Այսինքն՝ թե՛ 2016-ի, թե՛ 2020-ի, թե՛ 2022-ի պատերազմների հազարավոր զոհերի մեղքը բարդելով Մոսկվայի վրա: Եվ պարզաբանում, թե ինչո՞ւ է ՌԴ-ն այդպես վարվում՝ դե, Հայաստանի հանրության մի մասը սիրում է սնվել նմանատիպ քարոզչությամբ.

«Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին»:

Մեղադրանքը բավականին լուրջ է: Ընդ որում՝ երկու մասով էլ՝ թե ադրբեջանցիներին մեր դեմ օգտագործելու, պատերազմներ հրահրելու, թե՛ դաշնակցի գործառույթը չկատարելու հարցում: Բայց այստեղ կա մի բայց. նույն ինքը՝ Փաշինյանը, օրերս Հ1-ի եթերում հերքեց ինքն իրեն, նշելով, որ երբ ասում էր, թե փողը կա, զենք վաճառող՝ չկա, թե ՀՀ դաշնակիցը զենք չի վաճառում Հայաստանին, նա ամենևին էլ նկատի չուներ Ռուսաստանին: Այդ դեպքում ում նկատի ուներ “հավաստի աղբյուրներին” տիրապետող Փաշինյանը այդպես էլ չպարզաբանվեց: Եվ երկու օր անց, փաստացի, նման “հարված թիկունքից” ռազմավարական դաշնակցին:

Որևէ մեկը չի պնդում, թե Մոսկվան, որպես դաշնակից, մինչև վերջ ազնիվ է Երևանի հետ՝ կան շահեր, որոնք վեր են ամենից: Եվ դա բնական է, դա է թելադրում քաղաքականությունն ու արտաքին կուրսը ցանկացած պետության: Եթե որևէ մեկը պնդի, թե արևմտյան երկրները, կամ Փաշինյանի “կառուցողական” գործընկեր Ադրբեջանը, որին նա այդքան ձգտում է, այդպես չեն առաջնորդվում, ապա նա պարզապես ստախոս է կամ միամիտ: Չմոռանանք ՌԴ-Ադրբեջան հարաբերություններն ու դրանից բխող մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ զենքի մատակարարման մասով: Սակայն այս ամենը նոր չէ ու այս ամենի ֆոնին գերիշխել է մշտապես այն, որ ՌԴ-ն ՀՀ ֆիզիկական գոյության ՄԻԱԿ երաշխավորն է երեկ, այսօր ու հավանաբար նաև վաղը, անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական շահերը ինչպիսի երանգներ կտան նրա հարաբերություններին Բաքվի հետ:

Իսկ ահա «հավաստի աղբյուրի» տակ թաքնվածը, որ ամեն քայլափոխին հերքում է ինքն իրեն (ու նաև ՊՆ-ին, որը պաշտոնապես պնդեց՝ ՌԴ-ի հետ զենքի մասով պայմանավորվածություններն ընթանում են առանց խափանումների), Հայաստանին, փաստացի, առաջարկում է այլ ուղի՝ նախընտրելի է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, այլ ոչ թե Ռուսաստանի հետ կիսաքաղցր դաշնակցությունը: Ու սա այն դեպքում, երբ դարավոր թշնամիների վայրագությունները՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, ոչ միայն չեն սպիացել, այլև շարունակում են ամեն օր խոցել ու թարմացվել նորանոր դաժանություններով. վերջին տեսանյութը ու ամեն օր մեծացող Եռաբլուրը վկա:

Ինչո՞ւ հոդվածի հեղինակը չի հիշատակում, որ իր առաջարկվող այլընտրանքը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, հատուկ արնախում ջոկատներ է ստեղծում հայ զինծառայողներին, այդ թվում՝ կանանց, դաժանաբար սպանելու, խոշտանգելու, այնուհետ այդ տեսանյութերը ընտանիքի անդամներին ուղարկելու, հայ ազգաբնակչությանն ահաբեկելու ու հոգեբանորեն ճնշելու համար: Հարցը, թերևս, հռետորական է... 

Եվս մեկ շեշտադրում.

«Այս իմաստով՝ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել»:

Քանի որ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը շարք է սկսել, ենթադրելի է, որ վերջին հրապարակումը նվիրված է լինելու խաղաղության պայմանագրի անհրաժեշտությանն ու դրա այլընտրանք չունենալուն՝ բոլոր նախորդող հրապարակումներից բխող տրամաբանությամբ: Դե, երեկ Արցախից վերջնական հրաժարումն էր, այսօր ՌԴ-ին հարվածելը, սպասենք հաջորդին ու ամենակարևորին՝ Էրդողանի հետ հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 6-ին: Մինչ այդ, հավանական է, և՛ «հավաստի աղբյուրը» վերջնական ներկայացնի իր ասելիքն ու անելիքը (ձեռքը բռնող մեկ է չկա), և՛ Էրդողանը:

Լիա Խոջոյան