«Մեր ու Ուկրաինայի հավաքականների մակարդակը հավասար չէ»․ ի՞նչ սպասելիքներ ունի վաղվա հանդիպումից Արման Դանիելյանը

«Մեր ու Ուկրաինայի հավաքականների մակարդակը հավասար չէ»․ ի՞նչ սպասելիքներ ունի վաղվա հանդիպումից Արման Դանիելյանը

Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերսկում է ելույթները։ Սպասվող հանդիպումը կկայանա վաղը, Երևանում, Ուկրաինայի հետ։ 

Ի՞նչ սպասել խաղից ու ի՞նչ տրամադրվածությամբ գնալ մարզադաշտ․ MediaHub.am-ի հետ զրույցում սպորտային վերլուծաբան Արման Դանիելյանը նշեց, որ այս խաղում Ուկրաինայի համար հաղթանակն այս փուլում շատ կարևոր է։ 

Հիշեցնենք, որ մեր հավաքականը Ուկրաինայի հետ առաջին հանդիպամանը Լեհաստանի Լոձ քաղաքում 3։0 հաշվով պարտվեց Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի խաղում։ 

«Ինչպես հեշտ այն հաղթանակը տրվեց ուկրաինացիներին երեք ամիս առաջ, այդքան էլ հեշտ նրանք երկու օր առաջ պարտվեցին շոտլանդացիներին: Իհարկե, վնասվածքի պատճառով նրանց հայտացուցակից բացակայում է Ուկրաինայի ամենամեծ աստղը՝ Ալեքսանդր Զինչենկոն, բայց դա մեր և իրենց հավաքականների մակարդակները չի հավասարեցնում: Ուկրաինայի հավաքականը միանշանակ այս մրցավեճում ֆավորիտ է: Դե, իսկ Հայաստանի հավաքականի առջև դրված է մեկ նպատակ՝ մնալ Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնում մնացած երկու խաղերից հետո, ինչը կլինի գրեթե անհնարին պարտության դեպքում»,-ասաց նա: 

Դանիելյանը հիշեցրեց, որ վերջին 3 հանդիպումներում մեր հավաքականը պարտվել է ընդհանուր 9-1 հաշվով: 

«Այդ հանդիրումներից և ոչ մեկում մեր տղաները չեն ցուցադրել իրենց բնորոշ խաղամակարդակը, այնպես որ, այդ պարտությունները պարզապես բնական արդյունքներ էին: Նաև կային որոշ հարցեր կապված պարոն Կապառոսի մեկնարկային կազմի ընտրության հետ: Եթե հավաքականը շարունակի իր ոչ համոզիչ ելույթները, ՀՖՖ-ն, իհարկե, կշարունակի վստահել իսպանացի մասնագետին, բայց նրան քննադատողները կբազմապատկվեն»,-նկատեց վերլուծաբանը: 

Վերջինիս դիտարկմամբ՝ կարևոր է, որ Ուկրաինայի հավաքականի կազմում հետևեն Միխայլո Մուդրիկի խաղին, քանի որ Դանիելյանի մեկնաբանմամբ՝ Մուդրիկը Ուկրաինայի ծագող աստղն է, ում Դոնեցկի Շախտյորը այս ամառ հրաժարվեց վաճառել մոտավորապես 30 մլն եվրոյով: 

«Իսկ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում նա երկու խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Դե, իսկ մեր հավաքականում անհամբեր կսպասեմ Սերգեյ Մկրտչյանի և Սերոբ Գալստյանի նորամուտներին»,-ամփոփեց նա:

 Լիաննա Թորոսյան