Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման, իսկ ՔՊ-ն՝ վերարտադրվելուն

Ալավերդի խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՔՊ-ական Արեն Մկրտչյանը:
Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, հարյուրավոր զինվորներ են զոհվել, ՀՀ քաղաքներ են հրետակոծվել, իսկ ՔՊ-ն հայ ազգի համար աղետալի այս իրավիճակում մտածում է միայն վերարտադրվելու և իշխանությունը պահելու մասին:
«Դատարկ գրպաններով» իշխանության եկած ՔՊ-ականները 2018թ.-ից վայելում են իշխանությունն, ավելացնում են սեփական եկամուտներն ու փոքրացնում են Հայաստանի ու Արցախի սահմանները: Սոցիալ-տնտեսական աղետալի վիճակ է ՀՀ-ում, հատկապես մարզերում, այդ թվում՝ Լոռիում, որտեղ ամեն գնով ցանկանում է ՏԻՄ ընտրություններում հաղթել ՔՊ-ական Արեն Մկրտչյանը: Մկրտչյանը կարող է Լոռու ՔՊ-ականներից ջոկատ կազմել և մեկնել առաջնագիծ և այնտեղ պաշտպանել հայրենիքի սահմաններն ու այդ կերպ նպաստել պետության ամրապնդմանը: Դրա փոխարեն ՔՊ-ականները ցանկանում են Երևանում բազմել իրենց իշխանական աթոռներին և պարգևավճարներ ստանալով ոչինչ չանել՝ թուրք-ադրբեջանական մոտակա ագրեսիային ընդառաջ «թիթեռ նկարելով»:
ՔՊ-ականները ՀՀ քաղաքացիներին ապացուցել են, թե ինչպես են կազմաքանդում պետական, ուժային բոլոր ինստիտուտները՝ Ադրբեջանին զիջելով ամեն ինչ: Այս պայմաններում շատ տարօրինակ է, որ ՀՀ-ում դեռ կան մարդիկ, ովքեր քվեարկել են ՔՊ-ի օգտին:
Վահրամ Բագրատյան