Բաքվի վտանգավոր առաջարկը

Բաքվի վտանգավոր առաջարկը

Խաղաղության պայմանագրի հայկական տարբերակը փոխանցելուց ժամեր անց պաշտոնական Բաքուն Երևանին առաջարկել է երկկողմ ուղիղ բանակցություններ, այդ թվում՝ սահմանին։

«...Կարծում ենք՝ երկու երկրները պետք է միասին որոշեն իրենց հարաբերությունների ապագան։ Խաղաղ գործընթացի շարունակման պատասխանատվությունը, այդ թվում՝ փոխադարձ ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը, պատկանում է երկու երկրներին», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հայ-ադրբեջանական դիալոգն ուղիղ լինել չի կարող:

Հայաստանը, որպես պարտված կողմ, անվտանգության երաշխիքների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորի (երաշխավորների) անհրաժեշտություն ունի:

Ադրբեջանի երեկվա առաջարկությունը համարժեք է Հայաստանին հասցեագրված կապիտուլյացիայի վերջնագրի:
Եթե պաշտոնական Երևանն ընդունի Բաքվի առաջարկությունը, ապա հարկադրված է լինելու բանակցել նրա օրակարգով, այլ խոսքով՝ քննարկել Հայաստանի կապիտուլյացիայի պայմանները:

Մյուս կողմից, հիմա մեծանում է նոր էսկալացիայի վտանգը, որովհետև Բաքուն փորձելու է Երևանին պարտադրել բանակցությունների իր ֆորմատը:
Ստեղծված իրավիճակում Երևանը պետք է հրաժարվի Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու իր միակողմանի ու անհեռանկար քաղաքականությունից ու փորձի տարածաշրջանում գտնել դաշնակիցներ, ովքեր, մի կողմից, կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները, մյուս կողմից՝ կդառնան խաղաղության գործընթացի իրական երաշխավորներ:

Վահրամ Բագրատյան