Ադրբեջանը ցուցադրաբար հերթական միջոցառումն է պլանավորում օկուպացված Շուշիում

Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակին նվիրված միջոցառումը կանցկացվի Շուշիում։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Խիկմետ Գաջիևը հայտնել է թվիթերյան գրառմամբ։
Նա նշել է, որ ինքնաթիռով թռչելու են Վարանդա, որտեղից էլ, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, գնալու են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայկական Շուշի։ Գաջիևը նաև գրել է, որ միջոցառման շրջանակում Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը։
Նշենք, որ մշակութային ցեղասպանությունը, որ Ադրբեջանն իրագործել է հայկական մշակութային արժեքների նկատմամբ՝ այդ թվում Շուշիում, թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ շարունակում է իրագործել այսօր, միջազգային ոչ մի կառույց չի փորձել կանխել։ Մինչև հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ից ոչ մի առաքելություն չի այցելել Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող տարածքներ, որ արձանագրի քոչվոր ցեղի հանցավոր արարքները հայկական մշակութային ժառանգության հանդեպ։