Ի՞նչ պահանջներ են ներկայացվել «Դոմուս»-ին մինչեւ մեծ հրդեհը, Ինչ է ասել Փաշինյանը թուրք լրագրողներին. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է․
Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու մասին, ինչպես նաեւ՝ ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության։
Ըստ էության, հաստատվում են լուրերը, որ Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2025 թվականին «Դոմուս» ՓԲԸ-ն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ արդեն երկու հայց ունի վարչական դատարանում ու փորձում է տեսչական մարմնի որոշումներն անվավեր ճանաչել։
Դատելով իրավիճակից՝ մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի հրդեհը տեսչական մարմինը «Դոմուս»-ում խնդիր է տեսել ու կարգադրել է ընկերությանը որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք առնչվել են անվտանգության կանոններին: Փաստացի, երկու կողմերը իրար չեն հասկացել, եւ դրանից հետո «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվեց մոտ 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող երկհարկանի շինությունը՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք եւ այլն։ Բարեբախտաբար, տուժած անձինք չկային:
Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ասել էր, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել: Մինչդեռ «Դոմուս» ընկերությունն իր հայտարարությունում հերքել է դա եւ հայտնել, որ, աշխատակիցների դիտարկմամբ, հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների հետեւանքով:
Փաստ է մեկ բան. հրդեհի գործով քննություն է իրականացվում ամիսներ շարունակ, ու մինչ օրս դեռ հիմնական պատճառների մասին քննչական կոմիտեն լռում է, իսկ «Դոմուս»-ի սեփականատերերը դատարաններում են կռիվ տալիս պետական կառույցների դեմ»:
«Հրապարակ» գրում է.
Գրել էինք, որ Փաշինյանը որոշել է կրկին ռեւերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են։ Դրանով էին պայմանավորված եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգելը եւ ՌԴ-ին ուղղված վերամերձեցման քայլերը, մասնավորապես` միջգերատեսչական հարաբերությունները վերականգնելու հրահանգը: Սակայն ՌԴ-ում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը, եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի հետաձգումը, ըստ լուրերի, պայմանավորված է նրանով, որ ստուգեն Փաշինյանի գործողությունների անկեղծությունը եւ հասկանան՝ ինչպես են շարունակում համագործակցությունը ՀՀ հեղհեղուկ իշխանությունների հետ: Մատվիենկոն, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ժամաներ փետրվարի վերջին, մինչդեռ ասվեց, որ հունիսի 5-6-ը կգա։ ՌԴ-ում սպասում են, տեսնեն՝ Փաշինյանը կմասնակցի՞ մայիսի 9-ին Կարմիր հրապարակի միջոցառումներին։ Իշխանական աղբյուրները կասկած չունեն, որ կմասնակցի, 2023-ին էլ է մասնակցել, 24-ի մայիսի 8-ին էլ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցեց ու վերադարձավ։
Մինչ Մատվիենկոյի ժամանումը, Ալեն Սիմոնյանը կմեկնի ՌԴ` ապրիլի 17-18-ին ԱՊՀ վեհաժողովի՝ հաղթանակի 80-ամյակին նվիրված նիստին մասնակցելու: Տեղեկություններ կան, որ բանակցում են նաեւ Պետդումայի նախագահ Վոլոդինին Հայաստան բերելու շուրջ։ Մինչեւ մայիս Կապանում կբացվի նաեւ ՌԴ հյուպատոսությունը: