Ի՞նչ համակեցություն գազանի հետ. 8 տարի առաջ տարեց ծնողներն ու տատը դաժանաբար սպանվել ու խոշտանգվել են

Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ Ադրբեջանն առաջինը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, կրակ բացել քաղաքացիական օբյեկտների, բնակելի շենքերի, բանուկ ճանապարհահատվածների ուղղությամբ, սպանել մարդկանց։ Զինվորականներից բացի նաև քաղաքացիական անձինք են ենթարկվել պատերազմական հանցանքների. խոշտանգվել են, սպանվել կամ նրանց մարմիններն անարգվել են:
Այն, ինչ տեղի է ունեցել 8 տարի առաջ Արցախի սահմանամերձ Թալիշում, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Թալիշեցի Գագիկ Խալափյանը MediaHub-ին պատմում է, որ ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի առաջին օրը, գյուղն առաջին հարվածները վերցրեց իր վրա այն ժամին, երբ բոլորը դեռ քնած էին։
Կնոջն ու 6 երեխաներին Գագիկը տարել է ավելի ապահով վայր, սակայն րոպեների ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Երբ վերադարձել է տուն ծնողներին ու տատին տարհանելու, նկատել է, որ ադրբեջանցիներն արդեն իրենց տանն են։
«Ադրբեջանցի դիվերսանտները տունն արդեն շրջապատել էին: Տան մոտ սկսեցին կրակել, չմտածեցի, որ թուրքերն են: Մեքենայից իջել ու փորձում էի առաջանալ, մոտ 15 մետրի վրա լսեցի, որ թուրքերեն խոսում են: Հետ եկա գյուղապետարան, ասացի՝ «թուրքերը մտել են գյուղ»: Դրանից հետո գյուղն էվակուացվեց․ մի մասը՝ մեքենաներով, մյուսները ոտքով դուրս եկան գյուղից»,- ասում է մեր զրուցակիցը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Գագիկի տարեց ծնողներն ու մահամերձ տատն առանձնակի դաժանությամբ սպանվել են ադրբեջանցի դիվերսանտների կողմից, ապա խոշտանգվել։ Թշնամի մարդասպաններն անկանոն կրակել են ամբողջ տան պատերին, սպանել Վալերա ու Ռազմելա Խալափյան ամուսիններին և տատին՝ Մարուսյա Խալափյանին: Գագիկը մինչ օրս էլ զարմանում է, թե ինչպե՞ս է հնարավոր զենք բարձրացնել տարեց ու հաշմանդամ մարդկանց վրա, կյանքից զրկել նման դաժանությամբ։
«Հարազատներիս դիակները տեղափոխել ենք Ստեփանակերտի դիահերձարան, հետո՝ Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղ, այնտեղ էլ՝ հուղարկավորել, քանի որ պատերազմից հետո էլ իրադրությունը պատերազմական էր Թալիշում։ Այն պայմանով ենք հուղարկավորել, որ հետո տեղափոխենք Թալիշ»,- ասում է նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ ապրիլյան առճակատումից հետո սկսվել է Թալիշի զարգացման ծրագիրը։ Ինքը մնացել է գյուղում, շարունակել ծառայությունն Արցախի բանակում։ Սակայն 2020-ի պատերազմի ընթացքում Թալիշ-Մատաղիս գյուղերի անկումից հետո տեղափոխվել է Եղնիկներ։ Արցախից դուրս է եկել հարկադրաբար՝ նախորդ տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո։
«Այսօր ինձ համար ամենադաժան օրն է։ 8 տարի է անցել, բայց տատիս ու ծնողներիս կորցնելու ցավին գումարվել է ևս մեկը․ առաջին անգամ նրանց շիրմին այցելելու հնարավորություն չունեմ»,- ասում է մեր զրուցակիցը:
Ադրբեջանի հետ խաղաղության ոչ մի օրակարգի, հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության ոչ մի թեզի մեր զրուցակիցը չի վստահում, առավել ևս չի հավատում, ասում է՝ անհնար է ներել նրանց, ովքեր ձեռք են բարձրացնում անօգնական մարդկանց վրա, խոշտանգում, անարգում նրանց դիերը, ինչպես 8 տարի առաջ այս օրը դա արեցին իր ծնողների նկատմամբ։
Նշենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին քաղաքացիական 4 անձ է սպանվել։ Խալափյանների ընտանիքից բացի մեկ անչափահաս՝ Վաղինակ Գրիգորյանն էլ անմահացավ Մարտունու շրջանում՝ դպրոց գնալու ճանապարհին։
Հունան Թադևոսյան