Ինչով կավարտվի Փաշինյանի հակառուսականությունն ու Մոսկվայի հակահայկականությունը. հարցազրույց

Հակառուսական քարոզչության հիմքում շրջանառվում է նաև Հայաստանում մոտալուտ իշխանափոխության անհրաժեշտության թեզը, որի իրականացմանն այս փուլում ես չեմ հավատում։ Այս ամենի առարկայական արդյունքն այն կարող է լինել, որ Փաշինյանի իշխանությունը հերոսաբար «կդիմագրավի» դրսից եկող իշխանափոխության սպառնալիքին, ՌԴ-ն էլ տրամաբանական «հիմք» կունենա արդարացնելու իր հետագա հակահայաստանյան քայլերը։ Այս մասին MediaHub-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.
-Պարոն Մելիքյան, մեկ օր առաջ Վրաստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետի հանդիպումը: Վերջին երկու հանդիպումների չեղարկումից հետո կարո՞ղ ենք ասել, թե Ալիևը այլևս չի ուզում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցել և, փաստացի, «խաղաղության» ջատագով Փաշինյանը «կլասը» գցել է՝ հանդիպելով Ադրբեջանի վարչապետի հետ:
-Ալիևը մերժեց հանդիպել Փաշինյանին Գրանադայում, Փաշինյանն էլ չցանկացավ գնալ Բիշքեկ, ուր Կրեմլն էր ուզում հանդիպում կազմակերպել։ Համարենք, որ այդ փուլում ոչ այնքան Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, որքան արևմտյան ու ռուսական բանակցային հարթակների քաղաքական մրցակցության հարց կար։ Թբիլիսիի վարչապետական հանդիպումը գուցե արժե դիտարկել, որպես այդ մրցակցությունը չեզոքացնելուն ունակ այլընտրանքային հարթակի սաղմնավորման նախնական առարկայական փորձ։ Իհարկե, առայժմ ոչ մի երաշխիք չի կարող լինել, որ այս փորձը քաղաքական առաջընթաց կապահովի համապարփակ, արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին։
Իսկ արարողակարգի տեսանկյունից ՀՀ վարչապետի համար Ադրբեջանի կամ Վրաստանի վարչապետի հետ հանդիպելը պաշտոնական նսեմացման դրսևորում չէ։ Եթե նսեմացման այդ կարգի տրամաբանությունից ելնենք, ապա Ադրբեջանի նախագահի համար էլ ՀՀ վարչապետի հետ յուրաքանչյուր հանդիպումը Բաքվի կողմից պետք է դիտարկվի որպես ստորացուցիչ արարողակարգային անհամապատասխանություն։
- Թբիլիսիում Փաշինյանը ներկայացրեց քարտեզը, որում անկլավները չկային: Անկլավների վերադարձը Ադրբեջանին արդյոք նոր ռազմական ագրեսիայի հիմք չի դառնա, քանզի Ադրբեջանը, ի տարբերություն Երևանի, խաղաղություն ամենևին էլ չի ուզում:
-Պատերազմի վերսկսման համար Բաքվի ցանկություններից բացի նաև այլ, շատ ավելի ծանրակշիռ, գործոններ պետք է ակտիվանան։ Անկլավների հարցը կարող է հռչակվել որպես պատերազմական գործողությունների վերսկսման պաշտոնական առիթ, մինչդեռ իրական պատճառը կմնա ստվերում։
- Ի՞նչ մեսիջ է պարունակում Ալիևի հանդիպումներից խուսափելը և ինչ դերակատարում այս ամենում ունի Ռուսաստանը: Մոսկվան ու Բաքուն, ի տարբերություն Երևանի ու Մոսկվայի, վերջին շրջանում բավականին ջերմ հարաբերությունների մեջ են: Ավելին՝ Լավրովն ու Բայրամովը նույնիսկ Թեհրանում հանդիպելուց հետո մեկ օր չանցած էլ հեռախոսազրույց ունեցան:
-Ալիևն, իմ կարծիքով, անձնապես է մեծ կախման մեջ Մոսկվայից և այժմ, հատկապես Արցախի Հանրապետության զավթումից ու հայաթափումից հետո այդ կախվածությունն, իրականում, աճել է։ Ադրբեջանի նախագահն այժմ բավական երկիմաստ վիճակում է՝ մի կողմից պետք մշտապես ընդգծի իր քաղաքական անկախությունը Կրեմլից, իսկ մյուս կողմից՝ անտրտունջ ենթարկվի Մոսկվայի պահանջներին։ Այս երկվությունը դժվար թե հնարավոր լինի երկար ժամանակ քողարկել։
- Ո՞ւր կարող է տանել Երևանի հակառուսականությունը, որը գնալով մեծ թափ է հավաքում: Ի՞նչ խաղ է խաղում Փաշինյանը:
-Հայաստանի հակառուսականությունն ու Ռուսաստանի հակահայկականությունը ընդգծելուն ուղղված երկուստեք չափազանցեցված քարոզչական ջանքեր են գործադրվում։ Շրջանառվում է Հայաստանում մոտալուտ իշխանափոխության անհրաժեշտության թեզը, որի իրականացմանն այս փուլում ես հավատ չեմ ընծայում։ Այս ամենի առարկայական արդյունքն այն կարող է լինել, որ Փաշինյանի իշխանությունը հերոսաբար «կդիմագրավի» դրսից եկող իշխանափոխության սպառնալիքին, Ռուսաստանն էլ տրամաբանական «հիմք» կունենա արդարացնելու իր հետագա հակահայաստանյան քայլերը։