Իսրայելը պետք է պաշտպանի հայ քրիստոնյաներին Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. ՀՀ նախկին նախագահը՝ Haaretz-ին

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը իսրայելական Haaretz թերթում հրապարակած հոդվածում գրել է, որ Երուսաղեմի հին քաղաքում հողային վեճի շուրջ տեղի ունեցած բռնությունը կարող է սպառնալ հայկական թաղամասի ապագային։
«Երուսաղեմի հայ համայնքի անդամների դեմ վերջերս իրականացված հարձակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ հորդորելով Իսրայելի իշխանություններին անհապաղ մմիջամտել։
Արմեն Սարգսյանի խոսքով, այդ հարձակումները ներառում են վանդալիզմ՝ գույքի ոչնչացումից մինչև ֆիզիկական բռնություն անմեղ մարդկանց նկատմամբ: Իրավիճակի լրջությունն ընդգծվել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ, որտեղ նշվում էր, որ հայ հոգեւորականները պայքարում են իրենց կյանքի համար, իսկ Հայկական թաղամասը՝ Երուսաղեմի հին քաղաքի չորս հատվածներից մեկը, կանգնած է բռնի կորստի վտանգի առջև:
«Ցավոք, այն, ինչ կատարվում է Հայկական թաղամասում և նրա շուրջ, վտանգի տակ է դնում նաև Երուսաղեմի յուրահատուկ դիմագիծը: Դա պահանջում է իշխանությունների անհապաղ միջամտությունը։ Իսրայելը, որպես օրենքի գերակայության վրա հիմնված երկիր, պետք է արագ քայլեր ձեռնարկի հայ համայնքը, նրա պատմական ժառանգությունը և Երուսաղեմի եզակիությունը պաշտպանելու համար»,- ընդգծում է նախկին նախագահը: