Ո՞րն է պանրի ամենաառողջարար տեսակը․ այն օգտակար է նաև սրտի աշխատանքի համար

Մոցարելլան պանրի ամենաառողջ տեսակն է։ Ասել է սրտաբան Չենգ-Հան Չենը, որի խոսքերն է մեջբերել New York Post-ը։
Չենը նշել է, որ պանրի տեսակների մեծ մասը բացասաբար է անդրադառնում սրտի և անոթների առողջության վրա, քանի որ դրանք պարունակում են չափազանց շատ հագեցած ճարպեր ու նատրիում: Մինչդեռ մոցարելլան այդ նյութերից շատ ավելի քիչ է պարունակում, ավելի օգտակար է սրտանոթային համակարգի աշխատանքի համար։
«Մոցարելլան ունի առողջության համար այլ օգուտներ»,- ընդգծել է Չենը: Ինչպես մյուս կաթնամթերքը, այս պանիրը նույնպես հարուստ է սպիտակուցներով և կալցիումով, ուստի այն օգտակար է մկանների և ոսկորների համար:
Բացի այդ, սրտաբանը մոցարելլան նշել է որպես աղիների նորմալ աշխատանքի և իմունիտետի համար անհրաժեշտ պրոբիոտիկների լավ աղբյուր։
Չենն այսպես կոչված ամերիկյան պանիրը համարում է սրտի համար ամենավնասակարը՝ յուղայնության բարձր պարունակության պատճառով։
Բժիշկը պարզաբանել է, որ հնարավոր ռիսկի մասին զգուշացումը չի նշանակում, որ նման պանիր չի կարելի ուտել։ Բացասական հետեւանքներից խուսափելու համար նա խորհուրդ է տվել այս մթերքն ուտել փոքր չափաբաժիններով ու ոչ ամեն օր։