ԱԱԾ-ից և ՀՔԾ-ից պատասխանել են Աղազարյանի դիմումին, Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. Մամուլը՝ սուրճով

ԱԱԾ-ից և ՀՔԾ-ից պատասխանել են Աղազարյանի դիմումին, Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանի կառավարման շրջանում ու հատկապես վերջին 34 տարին Հայաստանից արտագաղթը ահագնացել է, առավել քան ակնհայտ է: Հասկանալի է, որ շատ քչերը կցանկանան ապրել Փաշինյանի կառավարած երկրում, այն էլ՝ նման անիրավության, շարունակական մղձավանջի, անընդմեջ աղետների, անվտանգային ու սոցիալական սպառնալից և անկանխատեսելի վիճակի մեջ դրված երկրում: Ու այս խայտառակ վիճակը քողարկելու համար վերջերս քպական քարոզչությունը սկսեց ինֆորմացիոն հեթական կեղծիքը տարածել, թե նախկինում երբեք միգրացիայի մնացորդի դրական հաշվեկշիռ չի եղել:

Իրականում դա ոչ միայն կեղծիք է, այլև կեղծիք է մի քանի դրվագներով: Նախ՝ իրականում, մասնավորաբար, 20062008 թվականներին նման հաշվեկշիռ արձանագրվել է: Բայց դա էլ մի կողմ: Կա նաև փաշինյանական հաջորդ մեծ կեղծիքը: Ինչպե՞ս էին նախկինում հաշվում գնացողներին ու եկողներին: Չափազանց պարզ ու արդյունավետ տարբերակով. ՀՀ քանի՞ քաղաքացի է դեպի դուրս հատել ՀՀ սահմանը, քանի՞ քաղաքացի է մուտք գործել երկիր: Պարզագույն հանում, և տարբերությունն ակնհայտ է: Սա առավել հստակ և օբյեկտիվ պատկեր էր տալիս: Հիմա, պարզվում է, ավելի շուտ՝ 2021 թվականին, փաշինյանական իշխանությունը փոխել է հաշվարկի մեթոդաբանությունը: Եթե հակիրճ ու պարզ ասենք, ապա դիմել են իրենց սիրելի «մուտիտի» մեթոդին:

Այսինքն՝ հաշվարկի հիմք են վերցնում քաղաքացու... հաշվառման մեջ լինելը: Էհ, մարդը կարող է հեռանալ Հայաստանից, ամիսներով, եթե ոչ՝ տարիներով մնալ հաշվառման մեջ (այսինքն՝ «գրանցումից դուրս չգալ»), բայց փաստացի գտնվել լրիվ այլ երկրում: Բայց, արի ու տես, որ փաշինյանական իշխանության, վիճակագրության ու քարոզչության համար այդ մարդը... համարվում է Հայաստանում գտնվող, քանի որ հաշվառման մեջ է: Ինչո՞ւ են այդպես արել: Իսկ մի՞թե պարզ չէ: Գնացածների ու եկածների տարբերությունը կոնկրետ է, պարզ, ընկալելի, հստակ: Իսկ հաշվառման մեջ եղածչեղածներին, դե, գնա, հաշվիր, պարզիր, ստուգիր, թե ով է երկրում, իսկ ով՝ ամերիկամեքսիկական սահմանի մերձակայքում կամ, ասենք, Դոնի Ռոստովում:

Ըստ այդմ, հնարավոր է դառնում արտագաղթի մեղմ թվեր ցույց տալ: Այնինչ, մասնագետների կարծիքով, վերջին առնվազն երեք տարին արտագաղթի ռեկորդային ցուցանիշներ ունենք: Հա, չհաշված ընտրությունները, երբ այդ մարդիկ նույնիսկ տեղյակ էլ չեն լինի, որ ՔՊ են ընտրել... Հարմար տարբերակ է, ինչ խոսք:

 

«Հրապարակը» գրում է․ Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: Դրանից առաջ գրություններ էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, պարզաբանում պահանջելով՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել Աղազարյանի հեռախոսը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված՝ մասնավոր կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի:

Եվ եթե ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիք, ինչ գործողություններ են արվել արդյունքում։ Գրել էինք, որ 2 կառույցից էլ պատասխան չստանալուց հետո փաստաբանը դիմել է դատախազություն:

Երեկ տեղեկացանք, որ 2 կառույցից էլ պատասխանել են, ավելի ճիշտ՝ խուսափել են պատասխանելուց, ինչը եւս նշանակում է, որ ոչ մի սպառնալիք էլ չեն հայտնաբերել, եւ հեռախոսն անօրինական կարգով է հայտնվել նախ՝ քննիչի, ապա՝ ԱԱԾ տնօրենի ձեռքում, որտեղ վերծանել են ինֆորմացիան եւ դրել Փաշինյանի սեղանին, ապա փոխանցվել է ողջ թիմին։ ԱԱԾ-ն պատասխանել է․ «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ դրանում հիշատակվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների կատարման վերաբերյալ տվյալներ, որոնց կրողը հանդիսանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ուստի առաջարկվում է անհրաժեշտ տեղեկատվությունը հայցել վարույթն իրականացնող մարմնից»։

Իսկ հակակոռուպցիոնից ասել են, թե հեռախոսի տեղեկատվությունն օգտագործել են բացառապես օրենսդրությամբ նախատեսված հիմքերով եւ ընթացակարգերով։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում, որը կայացավ երեկ՝ երեկոյան, երիտասարդները նվաստացրել են իրենց գործընկերոջը՝ Հակոբ Ասլանյանին:

Ինչպես հայտնեցինք, երեկ՝ երեկոյան, Հակոբ Ասլանյանը, ի համերաշխություն ընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի, հայտարարել էր, որ մեկ ամսով կասեցնում է կուսակցական գործունեությունը ՔՊ-ում, մինչև հասկանա, թե ինչ է կատարվում Աղազարյանի շուրջ:

Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը շտապեց իր ուսուցչին փոխանցել թերևս Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ուղարկված ՍՄՍ-ի բովանդակությունը, որ Ասլանյանը շտապել է իր հայտարարության մեջ:

Ասլանյանը, համացանցից օգտվելու կարողություն չունենալով, 5 անգամ էկրանանկար (screenshot) տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում, շտապեց ArmLur.am-ին հարցազրույց տալ, թե տաք սրտով է որոշում կայացրել, հիմա ուղեղը սառն է և փոշմանել է: Բայց զղջումը չօգնեց Ասլանյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նախ՝ Հակոբ Ասլանյանին ՔՊ խմբակցության վերնախավը դժվար է գտել, հետո՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թիմակիցներին տեղեկացրել է, որ Ասլանյանի հետ խոսել են, կմասնակցի խմբակցության նիստին: Ապա, հավաքվելով ԱԺ 334 սենյակում, երիտասարդները ամոթանքի տեղատարափ են հեղել, վիրավորել, նվաստացրել են 3 պատերազմների մասնակից Ասլանյանին, որից հետո քվեարկության են դրել նրա հեռացման հարցը և միաձայն որոշել հեռացնել խմբակցությունից: Թիմակիցները անգամ Ասլանյանի բացատրությունները չեն լսել, ընդհատել են, ծաղրել, բղավել:

Կարճ ասած՝ ստորացրել են ու հեռացրել:

Հիմա Ասլանյանը մտածում է շարունակե՞լ մնալ պատգամավոր, թե՞ մանդատը վայր դնել: Բայց հակված է մնալ, նստել Աղազարյանի կողքին՝ որպես որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր:

Մնում է սպասել, թե Ասլանյանի հեռախոսի պարունակությունը երբ կհայտնվի վարչության, ապա խմբակցության պատգամավորների սեղանին»: