Հրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում, Անդրանիկ Քոչարյանը գրեթե կրկնապատկել է կարողությունը. Մամուլը՝ սուրճով

Հրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում, Անդրանիկ Քոչարյանը գրեթե կրկնապատկել է կարողությունը. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրության մեջ տարբեր հարցումներով ամենատխրահռչակ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր, դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

ԱԺ պատգամավոր Քոչարյանի 2018 թվականի հայտարարագիրը նման սուղ եւ ոչ ինֆորմատիվ էր, սակայն նույնը չենք ասի անձի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրի մասին։

2023 թվականի հայտարարագրից հասկանում ենք, որ իշխող ՔՊ կուսակցության կարկառուն դեմք համարվող Քոչարյանը 6 տարիների ընթացքում եւս մեկ բնակարան է ձեռք բերել։ Բնակարանը, որը գտնվում է Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ըստ հայտարարագրի, պատգամավորը ժառանգություն է ստացել 2020 թվականին, սակայն ում կողմից՝ անհայտ է։

Անդրանիկ Քոչարյանի տարեկան եկամուտները նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ ավելացել են 3 միլիոնով, իսկ 2021 թվականի եկամուտները 2022-ի համեմատ՝ 1 միլիոնով։

Ստացվում է, որ վերջին 2-3 տարում Քոչարյանի աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովի աշխատակազմից ավելացել է 4 մլն դրամով։

Նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ 2023 թվականի հայտարարագրում Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները գրեթե եռապատկվել են։

Այսպիսով՝ 2022 թվականին պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմելեն 2 մլն 300 հազար դրամ, իսկ այս տարի Անդրանիկ Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 հազար եվրո, 3 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 700 հազար դրամ։

Անդրանիկ Քոչարյանը կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չի հայտարարագրել։

Հարցական է, թե որտեղից է Քոչարյանը տնտեսել այս ֆինանսական միջոցները։

Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ այն պատգամավորն ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, որը տապալել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները եւ գրեթե կես տարի չի կարողանում հրապարակել Հանձնաժողովի զեկույցը»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը` «Միասնական հայրենիք» կուսակցությունը, թեպետ աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Բագրատ սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, սակայն, արցախցի մեր աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանի մարդիկ «տակից» շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի համար, շարժման դեմ։ Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ հերյուրանքներ են տարածում եւ արցախցիներին համոզում են, որ սրբազանի առաջնորդած ո՛չ շարժումն է Արցախի ու արցախցիների մասին, ո՛չ էլ դրա հաղթանակից իրենք կարող են օգտվել։ Մոտավորապես նույն նարատիվները, ինչ իշխանականները, օրերս էլ ԱԺ նախագահը հայտարարեցին, թե սրբազանն այլեւս սկսել է չխոսել Արցախի մասին, Արցախի դրոշներն էլ անհետացել են։

Սամվել Բաբայանն ինքն էլ հարցազրույցներ է տալիս` քննադատում իշխանություններին, միեւնույն ժամանակ հայտարարում, որ ներքաղաքական ճգնաժամի ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Եթե շարժումը փողոցով չի կարողանում դրան հասնել, պետք է ընդդիմադիրները վայր դնեն մանդատները՝ առաջացնելով քաղաքական ճգնաժամ, որից դուրս գալու քաղաքագիտական միակ միջոցն ընտրություններն են։ Մինչդեռ մենք գիտենք, թե ընտրություններն ինչ ավարտ են ունենում, երբ ընտրությունների կազմակերպիչը լինում է իշխանությունը։