Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է․ պաշտպան

Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է․ պաշտպան

Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։

Այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Սակայն Աղվան Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,-նշել է նա։

———————

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օգոստոսի 11-ին նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 100 միլիոն դրամ գրավի և չհեռանալու մասին ստորագրության կիրառմամբ ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

օգոստոսի 9-ին Աղվան Հովսեփյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ՝ ԿՏ անգիոգրաֆիա հետազոտության համար։ «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել։

«Այնուհետև պարզվել է, որ դրա պատճառն է հանդիսացել պ-ն Հովսեփյանի մոտ այդ պահին կազմած արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչը՝ 29մմոլ/լ:

Աղվան Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընթանում է ծանր ձևով, որը նաև ըստ մասնագետների կարծիքի՝ կյանքի ու առողջության համար վտանգ է հանդիսանում։ Ըստ բժիշկների՝ հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի:

Դատավոր Մարտիրոսյանն օրեր առաջ նույնիսկ չքննարկեց պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացման և նրա մոտ նոր հիվանդությունների հայտնաբերման հիմքով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ուստի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Մարտիրոսյանը»,-նշել է Ալեքսանյանը։