ԶՈւ հետ կապված այսօր գրեթե ունենք զրոյական վիճակ․ Տիգրան Աբրահամյան

ԶՈւ հետ կապված այսօր գրեթե ունենք զրոյական վիճակ․ Տիգրան Աբրահամյան

Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ պարտված ղեկավարը, ով այսօր ունի ընկածի կարգավիճակ, գնում է բանակցելու երկրների հետ մի ժամանակահատվածում, երբ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ հաջողելու որևէ հնարավորություն չունի։ Նրա համոզված է՝ այս իշխանությունը նպատակային ձևով պետությունը տանում է տապալման։

«Հստակ հասկանում եմ՝ այն կարգավիճակը, որն ունի այս իշխանությունը, ուղղակի նրան որևէ ձևով հնարավորություն չի տալու որևէ բանակցություններում հաջողելու։ Այն հարցերը, որոնք կարող էին տաս, քսան տարի առաջ քննարկման առարկա լինեին, դրա շրջանակներում որևէ ձև հաղթելու ու շահած դուրս գալու հնարավորություն ունենայինք, այս իշխանության պարագայում ամբողջությամբ ձախողված է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ ԶՈւ հետ կապված այսօր գրեթե ունենք զրոյական վիճակ և Զինված ուժերի բացակայության պայմաններում խաղաղություն որևէ պարագայում չի լինելու․ «Թուրքիան ու Ադրբեջանը պարզ տեքստով, հրապարակային միջազգային հանրությանը, իրենց հանրությանը, Հայաստանին անընդհատ ուղերձներ են հղում, որ իրենց տարածքային հավակնությունները նույնիսկ եղածով չեն սահմանափակվելու։ Այս պարագայում ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության, անվտանգության, կայունության ապահովման գլխավոր գործոնը Զինված ուժերն է, որը տարիներ շարունակ ունեցել ենք, ապահովել է հարաբերական խաղաղություն։

Մարտահրավերների տեսանկյունից մեր գլխավոր անելիքն իշխանության փոփոխությունից հետո պետք է սկսենք Զինված ուժերից»։