Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ամփոփել է 2023 թվականի գործունեության արդյունքները։
«Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավային են, մնացած 4-ը անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն։ Եվ այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման ձևաչափով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»,- ընդգծել է Բայրամովը:
Նրա կարծիքով՝ խնդիրը կապված է սահմանազատման հետ, «տեխնիկական խնդիր է»։
«Խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները»,- հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Բայրամովն ընդգծել է, որ նույնիսկ տարածքային լուրջ հակամարտություն չունեցող երկրների միջև սահմանազատման գործընթացը կարող է երկար տևել: