Հայ զբոսաշրջիկներ կա՞ն Թայվանում 

Հայ զբոսաշրջիկներ կա՞ն Թայվանում 

Թայվանում տեղի է ունեցել վերջին 25 տարվա ընթացքում ամենաուժգին երկրաշարժը, ստորգետնյա ցնցումներ են եղել 7,4 մագնիտուդով: Այս պահի դրությամբ հայտնի է 9 զոհվածի և 821 վիրավորի մասին: 

Թայվանը Հայաստանի զբոսաշրջիկների համար այդքան էլ պոպուլյար ուղղություն չէ, բայց, այդուհանդերձ, կան տուրիստական գործակալություններ, որոնք սպասարկում են նաև այս ուղղությունը: Արդյո՞ք այս պահին Թայվանում կան ՀՀ զբոսաշրջիկներ. MediaHub-ը դիմեց տարբեր տուրօպերատորների:

Ավելի քան յոթ տուրօպերատորներ տվեցին նույնաբովանդակ պատասխան, որ, բարեբախտաբար, այս օրերին զբոսաշրջիկներ չեն ուղարկել Թայվան։

«Թայվանը այնքան էլ զարգացած ուղղություն չի հայ զբոսաշրջիկների համար, վերջին զբոսաշրջիկը, որը գնացել էր Թայվան, հայտնել էր՝ անգամ անձնագրային հսկողության սահմանապահը, ստուգելով անձնագիրը, ընդհանրապես չգիտեր Հայաստանի մասին։ Բավականին երկար ժամանակ փորձում էին հասկանալ, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ու հարցուփորձ էին անում, թե ինչո՞ւ է նա ժամանել Թայվան»,- փոխանցեց մեզ տուրիստական գործակալության ներկայացուցիչը։

MediaHub-ը դիմեց նաև ԱԳՆ՝ արդյոք այս պահին տեղեկություններ ունեն հայ համայնքի կամ ՀՀ քաղաքացիների տուժելու մասին: Մեզ խոստացան տեղեկությունը ճշտելուն պես հայտնել:

Այս պահին հայտնի է հարյուրավոր շենք և շինությունների փլուզման մասին, կան ավերածություններ: Երկրաշարժին հաջորդել են ուժեղ հետցնցումներ, այդ թվում՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ: Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա օրերին մի քանի հետցնցումներ կլինեն՝ 7 բալ ուժգնությամբ։  

Մարիաննա Արամյան