Ադրբեջանը մեր տարածքում զինվում է, մեղադրում մեզ հրադադարը խախտելու համար, հայկական կողմից ձեն, ծպտուն չկա

Ադրբեջանը վերջին օրերին ամրաշինական մեծածավալ աշխատանքներ է սկսել հայ-ադրբեջանական պետական սահմանի ողջ երկայնքով։ Այս լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեցին սահմանամերձ գյուղերի բնակիչները։ Տեղ գյուղի երիտասարդներից մեկն ասաց, որ Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում ամրապնդել է իր դիրքերը 2 գծով։
«Դա պարզ երևում է, ոչ թե առաջին գիծն են կահավորում, խրամատներ փորում, այլ 2-րդ գիծը համապատասխան ամրաշինական կառույցներով։ Ես չեմ ուզում «պանիկա» տարածել, բայց կասկածներ կան, որ ինչ որ բան է տեղի ունենալու, որին պետք է պատրաստ լինենք, մանավանդ, որ Տեղ, Արավուս, Խնածախ գյուղերը, իսկ մյուս կողմից Գորիս, Կապան քաղաքները ուղիղ նշանառության տակ են»։
Նախկին պայմանագրային զինվորականը մտահոգություններ շատ ունի։ Բերում է վերջին արցախյան դեպքերի օրինակը։
«Սա էն թշնամին ա, որ չի խնայի ոչինչ։ Իսկ մենք հակառակի պես կանխելու համար ոչինչ չենք ձեռնարկում։ Հիմա էնպիսի անհասկանալի բաներ են կատարվում, որ չեմ ուզում լրատվամիջոցներով խոսել էդ մասին»,- ասաց նա։
Ադրբեջանական կողմը ինժեներական աշխատանքներ է իրականացնում նաև Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի և Նախիջևանի ինքնավար հանրապետության` ՀՀ սահմանի երկայնքով։
«Ամենավատ բանը, գիտե՞ք, որն ա, երբ ժողովուրդը չի վստահում ղեկավարությանը։ Մի նայեք դրանց շրջագայություններին ու «ջերմ» ընդունելություններին։ Ամեն գյուղում մի շուն կա։ Մի խեղճ գյուղացի են բռնում հետը նկարվում, շոուներ սարքում։ Մեր գլխի ճարը մենք պիտի տեսնենք, ոչ մեկ չի գալու մեր ցավը կիսի։ Ու էս կատարվող իրադարձությունների ֆոնին, Ադրբեջանն ամեն օր մեղադրում ա հայկական բանակին, թե իբր կրակում ենք իրենց։ Սուտը ընենց են ներկայացնում, որ բոլորը հավատում են։ Բայց երբ իրենք են պատրաստվում, զինվում, մեր տարածքում իրենց համար անվտանգային կառույցներ սարքում, մեր կողմից ձեն, ծպտուն չկա»,- հավելեց նա։
Ավելացնենք, որ MediaHub-ի հարցերն անպատասխան թողեցին սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները։
Հունան Թադևոսյան