Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»

Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2015 թ. փետրվարի 19-ի N205-Ն և 2017 թ. հոկտեմբերի 5-ի N1321-ն որոշումների մեջ: Նպատակը նշված որոշումներով սահմանված կարգով հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հետ կապված առկա խնդիրների կարգավորումն է:

Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք՝ անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում՝ վարձու աշխատողի կողմից թղթային եղանակով յուրաքանչյուր եռամսյակ հարկային մարմին է ներկայացվում հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ու պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկանք, ինչն առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը, քանի որ աշխատանքային առանձնահատկություններից ելնելով՝ դժվարություն է առաջանում յուրաքանչյուր եռամսյակ հարկային մարմնի սպասարկման բաժիններ այցելելը և թղթային տարբերակով տեղեկանք ներկայացնելը:

Միաժամանակ, գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ հարկային մարմին առաջին անգամ ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխության դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, այդ թվում նաև այն դեպքերում, երբ փոփոխվում է միայն հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը: Հաշվի առնելով այն, որ հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին տեղեկատվությունը ֆինանսական կազմակերպությունների կողմից հարկային մարմին է ներկայացվում բացառապես էլեկտրոնային եղանակով (ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով), ինչն էլ հիմք է ընդունվում եկամտային հարկի վերադարձման համար, ապա ստացվում է, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը հարկային մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը նույնպես վերանում է:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք՝ անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում, յուրաքանչյուր եռամսյակ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացվի գործատուի կողմից՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով, որից հետո վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով կներկայացնի միայն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը այլևս չի ներկայացվի հարկային մարմին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում