«Дружба дружбой...». աբխազական սցենարը կկրկնվի՞ Հայաստանում

«Дружба дружбой...». աբխազական սցենարը կկրկնվի՞ Հայաստանում

Ռուսաստանը կասեցնում է Աբխազիայի սոցիալական վճարումները: Մի շարք ոլորտների ֆինանսավորումը, մասնավորապես՝ կրթության և առողջապահության, դադարեցվում է: Աբխազիան խոստովանում է, որ Մոսկվան նման քայլի է գնացել Սուխումիի կողմից որոշակի չկատարված պարտավորությունների պատճառով։ 

Հիշեցնենք, Աբխազիայի անկախությունը Մոսկվան ճանաչել է 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այս քայլը բացատրել է երկու երկրների կողմից ստանձնած «պարտավորությունների հավասարակշռությունը» պահպանելու անհրաժեշտությամբ։ Իր հերթին, Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ  Շամբան ասել է, որ Ռուսաստանից երկիր էլեկտրաէներգիայի մատակարարումը կիրականացվի կոմերցիոն արժեքով։

Այս լուրերի ֆոնին թիվ մեկ քննարկումը հետևյալն է՝ եթե ՌԴ–ն «պատժում է» Աբխազիային, ապա գուցե մի օր Մոսկվան պատժի նաև դաշնակից Հայաստանին ստանձնած «պարտավորությունների հավասարակշռությունը» պահպանելու անհրաժեշտությունով պայմանավորվա՞ծ: Հատկապես, եթե հաշվի առնենք ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ՌԴ հետ հարաբերություններում: 

Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, որ Աբխազիան և Ռուսաստանը ժամանակին ստորագրել են բարեկամական համաձայնագիր և յուրաքանչյուր կողմը իր պարտավորվածությունները պետք է կատարեր, մինչդեռ երեկ Աբխազիայի ղեկավարությունը խոստովանել է, որ աբխազական կողմից որոշակի բաներ չեն արվել, իսկ ՌԴ–ն իր հասանելիքը կատարել է։

«Ռուսաստանը երկար ժամանակ հորդորում է, որ Աբխազիան իր պարտավորությունները կատարի, մանավանդ, որ ՌԴ–ն Աբխազիայի «գլխավոր դոնորն է» համարվում»,– MediaHub-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը։

Աբխազիայում, մասնավորապես ընդդիմության շրջանում, ակտիվ աշխատում են թուրքական հատուկ ծառայությունները և, ինչպես նշեց քաղաքագետը,  ժողովրդին փորձում են տրամադրել ՌԴ դեմ, Ռուսաստանն էլ ասում է՝ եթե ձեր համար այսքան բան եմ անում, բարի եղեք գոնե ձեր պարտավորությունները կատարել։ 

«Հիմա էլ Աբխազիայում քննարկում են, թե ի՞նչ անեն և ինչպե՞ս դուրս գան այս իրավիճակից։ Կարող են տարբեր սցենարներ զարգանալ՝ Աբխազիան կարող է մեն–մենակ մնալ Վրաստանի հետ, իսկ Վրաստանի հետ շատ անհարթություններ կան, որոնք լուծվում են նրանով, որ ռուսական զորքը պաշտպանում է Աբխազիային Վրաստանից։ Կամ մյուս սցենարը՝ Վրաստանը, քանի որ բռնել է Եվրոպայից հետ քաշվելու ուղին և ՌԴ հետ հարաբերությունները վերականգնելու ուղությունը, հավանական է, որ հետագայում Մոսկվայի հետ փորձի «լեզու գտնել» Աբխազիայի կարգավիճակի պահով»,– ասաց Քոչարյանը։

Արդյո՞ք նմանատիպ սցենար հավանական է նաև Հայաստանում. քաղաքագետը նշեց, որ իրավիճակը նման է նրան, ինչ կատարվում է Հայաստանում և որոշակի չափով՝ Արցախում։

«ՌԴ–ն նույն Աբխազիայի նկատմամբ պատժամիջոց չի կիրառում, ՌԴ–ն այն լավությունը, որն անում էր Աբխազիային, այլևս չի անում։ Հայաստանին էլ շատ բան կարող է սպասել, հաշվի առնելով առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ, գազի ու հոսանքի գինը, պարենային անվտանգության հարցը. խնդիրներ կարող են առաջանալ»,– հավելեց Քոչարյանը։

Մարիաննա Արամյան