Ուզում ենք տեղափոխվել Հայաստան․ Հալեպում նոր ճգնաժամ է հասունանում

«Տանն ենք, տնից չենք կարողանում դուրս գալ»,- այսպես են իրավիճակի մասին հարցին արձագանքում Հալեպում ապրող գրեթե բոլոր հայերը։
Սիրիայում ծայր առած ահաբեկչական գործողությունների հետևանքով երեկ մահացել է հայազգի 66-ամյա բժիշկ Երվանդ Արսլանյանը՝ Սալամիյահի ուղղությամբ դիպուկահարի հարվածից:
«Սա ընդգծում է Հալեպում խաղաղ բնակչության առջև ծառացած շարունակվող վտանգները և հայերի ու տարածաշրջանի այլ փոքրամասնությունների աննահանջ թիրախավորումը»,- MediaHub-ին ասում է հալեպաբնակ Գևորգ Ճոսլակյանը:
Նրա ընտանիքը պատրաստվում է տեղափոխվել Հայաստան։ Ասում է՝ սիրիահայերի մեծ հոսք է լինելու դեպի հայրենիք, սակայն, այս պահին փակ է քաղաքի միջազգային օդանավակայանը, իսկ ապաստարանից դուրս գալը՝ մեծ ռիսկ։
«Թղթաբանական հարցեր կան, որի համար պետք է գնանք Դամասկոս, բայց մայրաքաղաք տանող ճանապարհները փակ են՝ Հալեպն ու հարակից համայնքները հրթիռակոծության տակ են։ Հիմնականում խփում են ավիահարվածներով ու հեռահար հրթիռներով»,- ասաց նա։
Արդեն 3 օր է, Հալեպում ջուր չկա։ Մտահոգություն կա, որ կանջատեն էներգամատակարարումը, բջջային ու ինտերնետ կապը։
«Ոչ ոք տեր չի կանգնում մեր ժողովրդի իրավունքներին։ Անելանելի վիճակում ենք, շրջափակման մեջ։ Հայերով փորձում ենք միմյանց օգտակար լինել։ Առաջին անհրաժեշտության դեպքում կտեղափոխվենք Հայաստան, առայժմ դա անհնար է թվում, քանի որ ռմբակոծությունները չեն դադարում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան