Իշխանությունը բացում է քսակը, Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Տիգրան Ավինյանի շուրջ. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանի պատգամավորներն ու աշխատակազմը մեկ աշխատավարձի դրույքաչափով նաեւ պարգեւավճար են ստացել Հայաստանում իրենց կողմից ոտնահարված Սահմանադրության օրվա առիթով, որը նշվում է այսօր՝ հուլիսի 5-ին
Հիշենք՝ անցած տարի խորհրդարանը Սահմանադրության օրվա կապակցությամբ պարգեւավճարներ չի բաժանել։
Այս տարվա առատաձեռնությունը, ըստ մեր աղբյուների՝ ներքաղաքական անկայուն իրավիճակով է պայմանավորված: Իշխանությունը մի կողմից յուրայիններին է զոհաբերում՝ մեղադրելով բյուջեն մսխելու, յուրացումների համար, մյուս կողմից՝ բացում է քսակը՝ իշխանությունը պահելու, յուրայիններին փողով խրախուսելու համար։ Հընթացս էլ օգտվում են ընդդիմադիր պատգամավորներն ու աշխատակազմը։ Ի դեպ, Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները երեկ հայտարարեցին, որ պարգեւավճարն ուղղելու են Զինվորի տան կարիքներին՝ բարեգործական նպատակներով։
Սահմանադրության օրվա առիթով այս տարի պարգեւավճար տալու պատճառներից մեկն էլ թերեւս Ալիեւի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջն է, Փաշինյանը այսպիսով փորձում է հանրությանը ցույց տալ, թե որքան է կարեւորում Սահմանադրությունը եւ չի վախենում Ալիեւից նշանավորելու այդ օրը, մինչդեռ արդեն իսկ որոշում է ընդունել նոր Սահմանադրություն գրելու վերաբերյալ եւ հանձնարարել է նախագիծը ներկայացնել 2026-ի վերջերին։
Այս տարի նաեւ տոնական միջոցառումներ են կազմակերպվել, տեղի կունենա տոնական քայլերթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից` ժամը 19:30-ին, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Տոնական քայլերթին կմասնակցեն բոլոր մարզերից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, բազմաթիվ հասարակական կառույցներից, սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ։
Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը, պատվո պահակային վաշտերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները, իսկ երեկոյան ութին Հանրապետության հրապարակում համերգ կսկսվի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունների վերաբերյալ կարծիք չհայտնած Երևանի քաղաքապետի լռությունը իշխանության կոկորդին է կանգնել։
Իշխանությունը փորձում է սեղմել օղակը նրա շուրջ՝ Երևանի քաղաքապետի ընկերների, մտերիմների վրա քրեական գործեր հարուցելով:
Ասվածի վառ ապացույցը այն է, որ Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 24-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը գովեստի խոսքեր հնչեցրեց Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Արամ Ազատյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հասցեին։ Մեկ օր անց ուժայինները նրան ձերբակալեցին, իսկ դատարանը տնային կալանքի ենթարկեց Ազատյանին և 30 մլն դրամ գրավ կիրառեց:
ՔՊ-ականները ու հատկապես քաղաքապետարանում աշխատող ՔՊ-ականները դավեր են նյութել վարչությունում, թե թիմի ներսում թիմ են ձևավորում․ պետք է ՔՊ-ն լինի միատարր, միահեծան ու բոլորը երկրպագեն բացառապես Նիկոլ Փաշինյանին, չունենան սեփական կարծիք:
«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքը հարցրեց կատարվածի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչու իրավական ուժ կիրառվեց գովեստի արժանացած թաղապետի նկատմամբ և արդյոք այդ քայլով քաղաքական իշխանությունն ինչ-որ բան է փորձում հասկացնել Տիգրան Ավինյանին։
Ստացանք հետևյալ դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ. «Օրենքից դուրս ցանկացած գործողություն, անկախ այն բանից, թե ով է իրականացնում, ընդունելի չէ։ Նման արարքները որևէ տրամաբանության մեջ ընկալելի չեն։ Այսինքն՝ կապ չունի, թե ով է իրականացրել այդ արարքը, ինչ շրջանակ է իրենից ենթադրում։
Միաժամանակ պետք է հարգել անձի անմեղության կանխավարկածը։ Սա է քաղաքապետի դիրքոշումը բոլոր նմանատիպ դեպքերի առնչությամբ»,- նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի երկու տեղակալները՝ Գեղամ Կարապետյանը եւ Դավիթ Բալասանյանը, կալանավորվել են մեկ ամսով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը որոշել են չներել Փարսյանին Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը եւ առաջնորդ Բագրատ սրբազանին հավուր պատշաճի ընդունելություն ցուցաբերելու համար։ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրավապահներին հանձնարարական է իջել ստուգել Փարսյանի գործունեությունը եւ անողոք լինել ամենաչնչին խախտումների դեպքում անգամ։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սրբազանն ու իր աջակիցներն այցելեցին Սյունիք, մենք գրեցինք, որ Փարսյանը ջերմ ընդունելության է արժանացրել ընդդիմադիրներին, ի տարբերություն Առուշ Առուշանյանի եւ Մանվել Փարամազյանի։ Պատերազմից հետո նշված բոլոր համայնքապետերը իշխանության թիրախում էին, սակայն Ռոբերտ Ղուկաայանի մարզպետ նշանակվելուց հետո մարզում իրավիճակ փոխվեց, Կալավանցուն հաջողվեց լեզու գտնել բոլորի հետ, մեղմացնել նրանց դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ։ Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա նախընտրական գործընթացներին ընդառաջ որոշել է բոլորին հպատակեցնել, թույլ չտալ թպրտան: