ԳԽ նիստը կկայանա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․
Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրն է: Եվ Էդգար Ղազարյանի նախաձեռնած Գերագույն խորհրդի նիստն է կայանալու՝ հրավերներ են ուղարկվել ԳԽ բոլոր պատգամավորներին, որոնք ողջ են եւ ի վիճակի են ներկա գտնվել։ Նախաձեռնության վերաբերյալ կան դրական արձագանքներ, սակայն կան վերապահումներ։ Մեր տեղեկություններով, որոշ վերապահումներ է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Զրուցել ենք նրա հետ:
- Էդգար Ղազարյանի նախաձեռնած ԳԽ նիստին մասնակցելո՞ւ եք, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը։
- Էստեղ կա մի շատ կարեւոր առանձնահատկություն․ թեպետ նիստ հրավիրելու գաղափարն Էդգար Ղազարյանինն է, սակայն, որքան ես եմ հասկանում, այդ նիստի կազմակերպման նախաձեռնությունը վերցնում են Գերագույն խորհրդի պատգամավորները, մասնավորապես՝ նախկին ԳԽ խորհրդի նախագահության անդամներ, Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբը։ Այսինքն՝ էստեղ խնդիրը ոչ թե Էդգար Ղազարյանի նախաձեռնությանն արձագանքելն է, այլ խնդիրն անհամեմատ ավելի խորն է, ըստ իս՝ փորձել ստեղծված իրավիճակում վեր բարձրացնել, մեկ անգամ եւս ընդգծել անկախությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ այ էդ իրավաքաղաքական փաստաթղթի պատմական կարեւորությունը: Ես էսպես եմ հասկանում եւ այդ կոնտեքստում, հավանաբար, հենց այս ընկալումներով, ամենայն հավանականությամբ, ես կմասնակցեմ այդ նիստին։
- Կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք։
- Ես հիմա անուներ չեմ ասի, որովհետեւ գիտեմ, որ բավականին մեծ ակտիվություն կար, օրինակ՝ ինձ հրավիրեցին այդ ակումբի նիստին, ցավոք սրտի՝ ես չկարողացա մասնակցել։
- Ամեն դեպքում, նախաձեռնությունն Ղազարյանինն է։
- Իհարկե, դա մենք չենք կարող չարձանագրել, դա էդպես է։ Խնդիրը, գաղափարն իրենն էր, բայց արդեն նախաձեռնությունը Գերագույն խորհրդի պատգամավորները վերցրին, որքան ես կարողանում եմ գնահատել ստեղծված իրավիճակը։
- Բայց մենք տեղեկատվություն ունենք, որ կարծես մի փոքր լարվածություն կա ԳԽ պատգամավորների միջեւ։ Օրինակ՝ իմացանք, որ նիստը վարողի հարցն է քննարկվել, նաեւ վերջնարդյունքում հրապարակվելիք տեքստը։
- Ուրեմն, ինչ վերաբերում է նրան, թե ով պետք է վարի, ով չպետք է վարի, էստեղ վեճ չի կարող լինել՝ շատ պարզ պատճառով․ Գերագույն խորհուրդն ուներ իր նախագահը եւ իր տեղակալները, նրանք այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն էին, Բաբկեն Արարքցյանը եւ Գագիկ Հարությունյանը։ Եթե նրանք չեն գալիս, ապա ավտոմատ այդ վարելու պարտավորությունը ստանձնում է դահլիճում ներկա գտնվող եւ ապագայում ԳԽ նախագահ կամ տեղակալ դարձած անձնավորությունը, օրինակ՝ Արա Սահակյանը։ Սա էնքան հասկանալի է, սա վեճ չի կարող լինել։ Հիմա, եթե Բաբկեն Արարքցյանը, Գագիկ Հարությունյանը կամ Տեր-Պետրոսյանը չեն մասնակցում, բայց մասնակցում է, օրինակ, Արա Սահակյանը, իսկ ես գիտեմ, որ նա մասնակցելու է, ապա բնական է, որ նա էլ կվարի, որովհետեւ Արա Սահակյանը եղել է Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ։
- Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել, նշել է, որ Հռչակագիրը չի կարելի օգտագործել որպես մի գործիք, որը կարելի է մի հատ օգտագործել, եղավ՝ եղավ, չեղավ՝ ոչինչ։
- Ես կարդացել եմ Վազգեն Մանուկյանի հարցազրույցը, որոշ հարցադրումների հետ, իհարկե, համաձայն եմ։ Բայց ես կարծում եմ՝ խնդիրը մի քիչ այլ կոնտեքստում պետք է դիտարկել, որովհետեւ եթե, իրականում, փորձենք ներկայացնել Անկախության հռչակագրի այս փաստը՝ գործող իշխանությունների հրաժարականը պահանջելու համար, համաձայնեք, որ գործող իշխանությունների հրաժարականը պահանջելու բազմաթիվ այլ հիմքեր կան, հետեւաբար, ես կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը դա է նկատի ունեցել։ Մինչդեռ Անկախության հռչակագիրը ստեղծված իրավիճակում մեկնաբանել, մեկ անգամ եւս հիշեցնել իշխանությանը, որ դուք պարտավոր եք առաջնորդվել Հռչակագրի տառով եւ ոգով, սա խիստ կարեւոր եմ համարում եւ չեմ կարծում, թե Վազգեն Մանուկյանը դա մերժում էր, գոնե նրա հարցազրույցից ես էդպիսի բան չեմ հասկացել։
- Կարծում եք, որ այս նախաձեռնության միջոցով կհասնե՞ք Փաշինյանի հրաժարականին։
- Ես էդպես չասացի։ Կրկնում եմ՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար բազմաթիվ հիմքեր կան։ Ես ասացի, որ սա հնարավորություն է, առիթ է Հայաստանի իշխանությունների հանդեպ ընդգծված պատասխանատվությունը Անկախության հռչակագրի դրույթներին, տառին եւ ոգուն։ Ինձ թվում է՝ այդ քննարկման ամբողջ իմաստը դա պետք է լինի, որպեսզի հանրային գիտակցության մեջ վերականգնվեն հռչակագրի տեղն ու դերը: Ես էդպես եմ հասկանում։ Գոնե իմ մասնակցությունը ես դրանում եմ տեսնում։
ՀԳ․ Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արա Սահակյանը հիվանդ է, բարձր ջերմությամբ պառկած է եւ քիչ հավանական է, որ կարողանա մասնակցել նիստին։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։