Գոհ եմ. կնպաստեմ, որ Սամվել Բաբայանը դառնա պետնախարար. Գագիկ Մելքոնյան

Գոհ եմ. կնպաստեմ, որ Սամվել Բաբայանը դառնա պետնախարար. Գագիկ Մելքոնյան

ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որը երկու օր առաջ ասում էր՝ «Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբենին ասենք թող գնա, որտեղից եկել ես», գոհ է Արայիկ Հարությունյանի որոշումից։

«Շուտվանից կար Ռուբեն Վարդանյանին՝ պետնախարարի պաշտոնից ազատելու որոշումը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մելքոնյանը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանն այսպիսով չի կատարել Ալիեւի պահանջը, ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ ոչ, չի նշանակում, քանի որ, ըստ նրա, Վարդանյանին ազատելու խոսակցությունները եղել է մինչեւ Ալիեւի հայտարարությունը։ 

Րոպեներ առաջ Հարությունյանը ստորագրեց Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։  Ի դեպ, այդպիսի պահանջ էր ներկայացրել Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել «Ղարաբաղում ապրող հայերի հետ», բայց ոչ պետնախարար Ռուբեն Վարդանյանի: 

-Պարոն Մելքոնյան, Ռուբեն Վարդանյանը հիմա պաշտոնանկ է արվել, սա նշանակում է, որ Ալիեւը այլեւս «Զանգեզուրի միջանցքի» պահանջ չի՞ ներկայացնելու։ 

- Չգիտեմ, դա դեռ ոչ մեկ չի կարող ասել։

- Իսկ արդյո՞ք Լաչինի միջանցքը  շուտով կբացվի։ 

- Այո, ես կանխատեսում եմ, որ շատ շուտով կբացվի։ Փոփոխություններ է կատարվում անընդհատ։ 

- Պետնախարարի պաշտոնում ո՞ւմ եք տեսնում։

-Սամվել Բաբայանին։ Կնպաստեմ, որ ինքը դառնա պետնախարար։

Լիա Սարգսյան