Անձնավորված խնդիրներ չկան․ քաղաքական հարց է․ Արցախի նորանշանակ գյուղնախարար

Անձնավորված խնդիրներ չկան․ քաղաքական հարց է․ Արցախի նորանշանակ գյուղնախարար

Արցախը գյուղատնտեսության նոր նախարար ունի։ Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը հրամանագրեր է ստորագրել մի շարք անձանց պաշտոնից ազատելու մասին։ Այսպիսով, Արցախի գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանին փոխարինեց Գեորգի Հայրիյանը, որը նախկինում ջրային կոմիտեի նախագահն էր։

MediaHub-ը զրուցել է նորանշանակ նախարարի հետ՝ հասկանալու, թե ինչ մարտահրավերներ կան ոլորոտում և թե ինչ ազդեցություն կունենան նոր նշանակումներն Արցախում։ 

-Արցախում ակնհայտորեն և լուրջ ճգնաժամային իրավիճակ է, ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել այս իրավիճակում։ 

- Հիմա Արցախում այնպիսի պայմաններ են, որոնք հավելյալ դժվարություն են տալիս բոլոր ոլորտների աշխատանքներին․ ազատ շարժ չկա։ Մեր գլխավոր նպատակն է, որ պարենային անվտանգությունն ապահովենք։ Դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել բոլոր գործիքներն ու հնարավորությունները, բայց շրջափակման պայմաններում առկա խնդիրներն ակնհայտ են, ես էլ, իհարկե, լուծման տարբերակների պատկերացումներով եմ մոտենում պաշտոնին։

-Հասցրե՞լ եք ուսումնասիրել նախկին նախարարի ծավալած գործունեությունը, եթե այո, ապա ինչպե՞ս կգնահատեք։

-Նախկին նախարարը երկար չի պաշտոնավարել, գործնականորեն շատ բան հասցնել չէր կարող, բայց բնական է, որ աշխատել է, գործադրել իր ողջ ներուժը։ Կծանոթանամ կատարած աշխատանքներին, հասկանամ, թե ինչը պետք է շարունակեմ, ինչը սկսեմ։ Բնականաբար, շարունակելու ենք բոլոր դրական ծրագրերը, մենք ևս նոր ծրագրեր ենք առաջ բերելու։ 

-Կոնկրետ ի՞նչ մարտահրավերներ կան, որ պետք է հաղթահարեք այս իրավիճակում՝ հաշվի առնելով, որ ոլորտում նոր չեք։ 

-Ոլորտը, այսպես ասած, տարբեր ճյուղեր ունի և լիարժեքորեն ծանոթ եմ ոռոգման համակարգերին, ոռոգվող տարածքներին։ Սա, իհարկե, բավարար չէ, պետք է մանրամասնորեն ուսումնասիրել ամեն ճյուղ, որ կարողանամ հետագայում առաջարկներ ներկայացնեմ, հասկանամ, թե ինչին ինչ պետք է ավելացնենք։

-Սաֆարյանը կարճ ժամանակ է պաշտոնավարել, արցախցիներն էլ պնդում են, որ վերջինիս կատարած գործերը պակաս կարևոր չէին։ Այն իրավիճակում, որն առկա է Արցախում, արդյո՞ք ճիշտ է Կառավարությունում պարբերաբար փոփոխություններ կատարելը, սա որևէ հարցի որևէ լուծո՞ւմ է։ 

-Իրականում, հարցի հասցեատերը ես չեմ, քանի որ պաշտոնին նշանակողը կամ ազատողը ես չեմ։ Ես չգիտեմ, թե ինչով եմ «արժանացել» այս պաշտոնին, հավանաբար՝ նախկին աշխատանքներս են նկատել, հաշվի առել, բայց հաճախ փոփոխությունների մասին ես ոչինչ ասել չեմ կարող։ 

Քաղաքական հարց է և վերջին՝ պետական նախարարի փոփոխությունների ժամանակ էլ նախագահը հայտարարեց, որ քաղաքական, կառուցվածքային առումով փոփոխություններ լինելու են։ Անձնավորված խնդիրներ չկան, ամեն դեպքում, ես այդպես եմ կարծում։

Լիաննա Թորոսյան