Բաքվի դուդուկի տակ պարելու նուրբ արվեստը  

Բաքվի դուդուկի տակ պարելու նուրբ արվեստը  

Փետրվարի 13-ին տեղեկացրել էինք, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը: Արդեն երկու ամիս է, երբ փորձում ես մուտք գործել այդ բաժին, error է տալիս։ Շաբաթներ շարունակ այս վիճակն է  և ավելի քան համոզված ենք, որ այսպես էլ մնալու է, ոչինչ չի փոխվելու, բայց մենք շարունակելու ենք ամեն շաբաթ անդրադառնալ այս խնդրին ու հիշեցնել ԱԳՆ-ին, որ  այս «խնդիրը» պետք է լուծում ստանա։ Կամ հստակ հայտարարեն՝ ԼՂ հակամարտությանը նվիրված բաժինը, այո՛, հեռացվել է Ադրբեջանի պահանջով և վերականգնման ենթակա չէ:

Ավելի քան երեք շաբաթ առաջ MediaHub-ը ԱԳՆ-ից հետաքրքվեց, թե ինչո՞ւ է գերատեսչության պաշտոնական կայքից հեռացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը, ո՞րն է պատճառը, հատկապես, որ դրանից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանն էր բողոքել, որ մեր երկրի արտաքին գործերի նախարարության կայքում նման բաժին գոյություն ունի: Գերատեսչությունից պատասխանեցին, որ տեխնիկական խնդիր է, վերականգնվելու է և որ այլ բաժիններ էլ կան, որ այս պահին չեն գործում։ Իսկ հարցին, թե արդյո՞ք տեխնիկական խնդրի լուծումից հետո բաժինը կվերականգնվի նույնությամբ, մեզ վստահեցրել էին՝ այո։ Բայց ահա անցել է շուրջ երկու ամիս, բայց բաժինը, կրկնվենք,  չի վերականգնվել:

Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ևս մեզ  հավաստիացրել էր, որ ոչ թե տեխնիկական խնդիր է և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, այլ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:  
Սակայն այս հավաստիացումից էլ շաբաթներ են անցել. Այսօր կայք մուտք գործելիս համոզվեցինք՝ ոչինչ չի փոխվել: Կասկածները, որ ԱԳՆ-ում ուղղակի չեն շտապում (չեն ուզում) բաժինը վերականգնել ավելի ու ավելի են միս ու արյուն ստանում:

Հիշեցնենք, որ ԱԳՆ կայքում «տեխնիկական խնդիրներն» ի հայտ եկան այն բանից հետո, երբ թշնամի երկրի նախագահ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ բացի Անկախության հռչակագրից, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Մարիաննա Արամյան