Ո՞վ կփոխարինի Վարդանյանին․ դատախազը խորհրդարան կգա ՔՊ-ական պատգամավորի հետևից․ Մամուլը՝ սուրճով

Ո՞վ կփոխարինի Վարդանյանին․ դատախազը խորհրդարան կգա ՔՊ-ական պատգամավորի հետևից․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ փետրվարի 23-ին հանդես է գալու հատուկ ուղերձով:

«Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել Արցախի պետնախարարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին, եթե, իհարկե, այս օրերին շրջադարձային ինչ-որ զարգացումներ տեղի չունենան:

Ավելին՝ մեզ ասացին, որ Հարությունյանը սրա մասին մտադիր է եղել հայտարարել դեռեւս փետրվարի 17-ին, բայց քանի որ փետրվարի 20-ին արցախյան շարժման 35-ամյակն էր, որոշել է հետաձգել դա տոներից հետո:

Արցախյան մեր աղբյուրները հայտնեցին, որ ԱՀ պետնախարարի նոր հավանական թեկնածուն, ամենայն հավանականությամբ, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է:
Նշենք, որ պետնախարարի պաշտոնը նշանակովի է, Արցախի կառավարության ղեկավարին նշանակում եւ ազատում է նախագահը:

Դեռեւս 2022թ-ին Արայիկ Հարությունյանն ինքն էր «բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործչին» առաջարկել ստանձնել պետնախարարի պաշտոնը, իսկ արդեն մեկ տարի անց ազատում է նրան աշխատանքից, թեեւ Վարդանյանն ինքը չի ցանկանում հրաժարական տալ:

Արցախում վստահ են նաեւ, որ Արայիկ Հարությունյանը նման քայլի է գնում ոչ այնքան իր հոժար կամքով, այլ իր առջեւ նման պայման է դրել Նիկոլ Փաշինյանը:

Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի իշխանություններին դուր չի եկել Ռուբեն Վարդանյանի քննադատություններն իրենց հասցեին՝ առ այն, որ Հայաստանի իշխանությունը, ֆինանսական օգնությունից բացի, այլ քայլ չի անում՝ Արցախում ստեղծված ճգնաժամի լուծման հետ կապված:

Նկատենք նաեւ, որ տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին հայտարարում է, որ չի պատրաստվում Ղարաբաղի հարցով բանակցել «Ռուսաստանի Դաշնությունից արտահանված» Ռուբեն Վարդանյանի հետ, անգամ նախապայման է դրել, որ Լաչինի միջանցքի մասով կշարունակի բանակցությունները միայն Վարդանյանի հեռացումից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավորները վախի մթնոլորտում են եւ չգիտեն՝ ինչ անել, որպեսզի գտնեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ շփվելու, զրուցելու ճանապարհը։

Բանն այն է, որ որոշ ՔՊ-ականներ փորձեր արել են նրա հետ շփվելու, սակայն գլխավոր դատախազը նրանց հետ հանդիպելու կամ շփվելու հարցը թողել է օդից կախված:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշ ՔՊ-ականններ, իմանալով, որ փետրվարի 17-ին գլխավոր դատախազի ծնունդն է, փորձել են ծնունդը պատրվակ օգտագործել եւ նրա հետ հանդիպման գնալ, բայց այս փորձն էլ է մնացել անպատասխան:

Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն՝ չի բացառվում, որ Աննա Վարդապետյանը ԱԺ գա ՔՊ-ականներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, իսկ թե ով կլինի նա, մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 1 մլն 672 հազար դրամի ներկայացուցչական ծախսեր է կատարել եւ մեկ անձից կասկածելի եղանակով գնման սկզբունքով տարբեր պայմանագրեր կնքել: Դրանցից մեկով, օրինակ, արտաքին գերատեսչության պետական արարողակարգի ծառայությունը 236 հազար 970 դրամի պայմանագիր է կնքել «Պլազա Սիստեմս»- ՓԲԸ-ի հետ:

Այդ գումարի շրջանակներում կազմակերպվել է Խորվաթիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի համար հյուրասիրություն: 185 հազար դրամ արժողությամբ պայմանագրով, որը կնքվել է «Էքսկլյուզիվ կոնցեռն»-ի հետ, կազմակերպվել է տրանսպորտային ծառայություն Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցի շրջանակներում: «Երեւան Հյուրանոց» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը կնքված է եղել 778 հազար դրամով: Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցի շրջանակներում էլ այս գումարով կատարվել են հյուրանոցային կեցության ծախսերը, եւ նախարարը տեղակայվել է հենց այս հյուրանոցում:

Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի այցի համար էլ տրանսպորտային ծառայություններն արժեցել են 420 հազար դրամ, պայմանագիրն էլ՝ «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ, իսկ Խորվաթիայի ԱԳՆ այցի համար էլ 110 հազար դրամ է տրամադրվել, որպեսզի բանավոր թարգմանություն ապահովվի: Ծիծեռնակաբերդ այցելելու համար արարողակարգի ծառայությունը 26 մեխակ էր գնել եւ երկու ծաղկեփունջ:

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է իր դեկորատիվ գոյությունն այդ բարձր պաշտոնում՝ անհաղորդ երկրի կյանքին։ Խաչատուրյանն անգամ ուղերձ չհղեց Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ, իսկ նախկին երեք նախագահները, բացառությամբ առաջինի, անգամ Նիկոլ Փաշինյանը, որ նախօրեին Մյունխենում չէր հակադարձել Ալիեւի ցինիկ հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի, ուղերձներ հղեցին։

Փաշինյանն ասաց, որ շարունակելու է Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված քայլերը։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց․ «Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետեւողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին եւ շարունակաբար թուլացնում հայկական բանակը»: ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկեց 35 տարի անց թերթել արցախյան շարժման ֆոտոալբոմը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից սկիզբ առած իրադարձությունների լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ»։

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին ուղերձ է հղելու․ «2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջեւ ծառացած կարեւորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրներն արժանապատվորեն եւ անցնցում հաղթահարելու համար:

Այդուհանդերձ, հանրության շրջանում ձեւավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռեւս շարունակում են պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին՝ հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տեւական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ»:

Տեղեկություններ կան, որ հինգշաբթի օրը Հարությունյանը կհայտարարի Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ Վարդանյանն ավելի վաղ ասել էր, որ հրաժարական չի տալու, ուստի որոշվել է, որ նա պաշտոնից կհեռացվի ԱՀ նախագահի հրամանագրով, սակայն ոչ թե կոնֆլիկտի, այլ փոխհամաձայնության արդյունքում: Ավելին` Վարդանյանը պատրաստվում է մնալ Արցախում եւ օգնել տարբեր խնդիրների լուծման հարցում:

Պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ում ոմանք կապում են սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչեւ 2021թ․ փետրվար: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ:

Մեզ ասացին, որ այդ հարաբերությունները ձեւավորվել են գործի բերումով` 2020 թ. ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների շրջանից, երբ Իոաննիսյանը, նաեւ ՀՀ պետբյուջեից ստացած գրանտով, իրականացնում էր Արցախի ընտրությունների դիտարկումը։ Արցախի դատախազի հանձնարարությամբ դիտորդների հետ աշխատել է ավագ դատախազ Գուրգեն Ներսիսյանը: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է դիմելու դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկարացնելու միջնորդությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը պետական բյուջեից 5 միլիոն դրամ աջակցություն է հատկացրել մի շարք հասարակական կազմակերպությունների։ Որոշումը ընդգրկված է եղել կառավարության՝ փետրվարի 16-ի օրակարգում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում: Թե որոնք են այդ հասարակական կազմակերպությունները, եւ որ ոլորտներում ինչպիսի գործունեություն են իրականացնում, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ. որոշման կետերը հույժ գաղտնի են։ Նկարագրության մեջ նշվում է, թե տվյալ հասարակական կազմակերպություններն իրականացնելու են հետազոտություններ, ռազմավարական եւ հայեցակարգային փաստաթղթերի պատրաստում եւ փորձաքննությունների կազմակերպման համար խորհրդատվական, մասնագիտական, վերլուծական ծառայություններ:

Ընդ որում՝ Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ դիտողություն է արել եւ նշել, թե աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին ծրագրով գումարի հատկացումը նպատակահարմար չէ իրականացնել պահուստային ֆոնդից: Նաեւ նշվել է, թե նախագծով հիմնավորված չէ նաեւ գումարի հատկացման հրատապությունը: Առաջարկվել է միջոցառման գծով անհրաժեշտ ծախսերը կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի առկա ռեսուրսների հաշվին:

Դիտողությունը ընդունվել է, եւ փոփոխություն է կատարվել: Հավելենք, որ կառավարությունը 2022 թ.-ի պետական բյուջեով էլ 8 մլն դրամ էր հատկացրել հասարակական կազմակերպություններին, եւ կրկին պարզ չէր, թե ում: Մեկ անգամ էլ այդ նույն ծրագրով 46 մլն 976 հազ. դրամ էր հատկացվել։ Թե ում էր փոխանցվել այդ գումարը, կրկին հայտնի չէ, քանի որ կառավարության որոշման նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի էր համարվել։

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ Հայաստան ժամանեց ԵՄ դիտորդական առաքելությունը, որի կազմում 100 մարդ է, որից 50-ը՝ անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը Եղեգնաձոր քաղաքում է։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այս առիթով Թվիթերում գրել է. «Ջերմ բարի գալուստ ԵՄ 100 հոգանոց առաքելությանը եւ նրա տեղակայմանը։ Խորին շնորհակալություն ԵՄ-ին եւ անդամ երկրներին՝ Հայաստանի հետ ամուր համերաշխություն դրսեւորելու համար։ Մոնիտորինգային առաքելության տեղակայումը պետք է դեր խաղա դեէսկալացիայի եւ տարածաշրջանում կայունություն եւ, ի վերջո, խաղաղություն հաստատելու հարցում»:

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն առաջ են քաշում «խաղաղության պայմանագրի» և Արցախի՝ Ադրբեջանի հետ «ինտեգրման» օրակարգը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը փորձում են օրակարգում պահել այլ հասարակական ու քաղաքական միավորներ:

Ի մասնավորի, «Համախմբում» շարժումը մոտ մեկ տասնյակ այլ կառույցների հետ միասին («5165» շարժում, «ԱՐԱՐ» հիմնադրամ, «Թեքեյան» մշակութային միություն, «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ, Այլընտրանքային նախագծեր խումբ, «Կոնցեպտուալ հարթակ», «Ազգային արժեք ակումբ», Քաղաքագետների հայկական ասոցիացիա) և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ փետրվարի 24-ին և 25-ին կազմակերպելու է գիտագործնական համաժողով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, համաժողովի նպատակն է լինելու քննարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման իրավական փաստարկները, դրան նպաստելու ուղիներն ու մեխանիզմները, հստակեցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմքում ընկած միջազգային իրավական դոկտրինը և վերհանել դրա քաղաքական հնարավորությունները։ Համաժողովը Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ թեև ՀՀ գործող իշխանությունները փաստացի ետ են կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ուղեգծից, Արցախն արդեն կայացած պետություն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի հենց պետության միջազգային ճանաչման ձևով։

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նյամ-նյամ», «բուլ-բուլ», թավշյա բմբուլ... Կռահողները հասկացան, իսկ չկռահողների համար հստակեցնենք, որ խոսքը Հանրայինի եթերից Նիկոլ Փաշինյանի կարկառուն ներկայացուցիչ Սասուն Միքայել յանի ճառախոսական վերջին «մարգարտաշող փայլատակման» մասին է: Այն դիտած հայրենակիցների մի մասը ելույթ ունեցողի անձի ու նրա մարգարիտների վրա էր կենտրոնացել, մյուս մասը՝ Հանրայինի եթերից նման փայլատակումների: Գուցե նրանց թեթևակի հիասթափեցնենք, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը հետաքրքիր կամ ուշադրության արժանի չթվացին: Չնայած հատկանշական ու հետաքրքրական հանգամանքներ այդ ամենի համատեքստում իսկապես կան:

Կներեք, իսկ դուք նշված բանախոսից (վերջին ելույթից հետո ավելի ճիշտ կլինի ասել՝ «տու-տու-ախոսից») ա՞յլ բան էիք սպասում: Այսինքն, սպասելիքներ ունեի՞ք, որ մի հատ էլ զարմացել կամ վրդովվել եք: Մյուս կողմից՝ իսկ մի՞թե մի ամբողջ ժողովրդի մի ահագին զանգված այդ զբաղմունքի վրա չէ: Նկատի չունենք գործող իշխանության կամ այլ գործիչների հասցեին անմեջբերելի գնահատականներն ու արտահայտությունները: Նկատի ունենք այն, որ մարդկանց ոչ փոքրաթիվ խումբ զմայլված կարող է հայհոյախառն «լայվեր» լսել, քննարկել, վերլուծել, նույնիսկ հավատալ՝ չնկատելով ու չհասկանալով, որ սուտը, հայհոյախոսությունը չափանիշ ու նորմա են դառնում, սովորական և ընդունելի:

Իսկ մարդկանց մեկ այլ խումբ, կարծես ապացուցելու համար, որ ամեն «հոմո» չի, որ «սափիենս» է, օրնիբուն ինչ-որ «պերֆեքթթիվիների» նետած եթերային «կտերի» վրա է: Ավելին, սրտանց հավատում է ու ապրում է այդ վիրտուալից էլ վիրտուալ «իրականության» մեջ, որտեղ երկու օրը մեկ Ալիևը մեռնում է, Էրդողանը՝ թաղվում, հասկանալի է՝ «մեր հզոր վարչապետի սաստիկ հայացքից» կամ փռշտոցից: Եվ եթե կան նման լապշա-արիշտան հոժարակամ իրենց ականջներից կախողներ ու ամեն մի հայհոյախոսության ականջ դնողներ, ինչո՞ւ չպիտի ինչ-որ մեկը «տու-տու-ախոսեր» տո հենց Հանրայինի եթերից: Շուտով բոլոր հեռարձակումները, այդ թվում՝ կառավարության կամ խորհրդարանի նիստերի, կարող են ամբողջությամբ «տու-տու»-ներով ուղեկցվել:

Հասել ենք, բայց իջնող չկա: Շրիշակի մակարդակը արդեն ահագին բարձր է:

Հա... Ասում են՝ այդ հաղորդումից հետո մի մարդ զանգում է 1-17:

-Ալո, կառավարությունը լսում է Ձեզ:

-Տո՜ւ-տո՜ւ-տո՜ւ...,-լսվում է մյուս կողմից:

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք արդեն անդրադարձել էինք այն տեղեկությանը, որ իշխանությունները, հաշվի առնելով իրենց ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի օրավուր անկումը, վերջնականապես որոշել են չշտապել ու ոչ թե մայիսին արտահերթ կարգով անցկացնել Երևանի ավագանու ընտրություններ, այլ «իր ժամանակին»՝ աշնանը՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում կկարողանան շտկել վարկանիշային կատաստրոֆան։ Այս առիթով թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջերս հերթական «փակ» , ներքին օգտագործման հարցում-մոնիթորինգն է անցկացվել, որի արդյունքները, մեղմ ասած, չեն գոհացրել իշխանություններին։ Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, համապատասխան կառույցները Փաշինյանին զեկուցել են, որ ներկայում իշխանության վարկանիշը տատանվում է 9-9,5 տոկոսի միջակայքում, ավելին՝ ընդգծվել է, որ այն էլ ավելի նվազման միտում ունի։

Թերթի իշխանական աղբյուրը փոխանցում է, որ այս փաստը բավականին նյարդայնացրել է Փաշինյանին, որը բավական թունդ ու կոշտ խոսակցություն է ունեցել թիմի առանցքային դեմքերի հետ՝ հորդորելով «կպնել գործի», դաշտում նորմալ աշխատել, որպեսզի հանրային տիրույթում նորմալ պատկեր ունենան։

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը շաբաթ-կիրակի հանդիպումներ է ունեցել ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի, Ռուբեն Վարդանյանի հետ՝ առաջարկելով ձեւավորել նախագահին կից կոմիտե, որը կդառնա տարբեր հարցերի քննարկման հարթակ, կունենա խորհրդատվական դեր եւ կստանձնի Արցախի նախագահի լիազորությունների որոշ մասի կատարումը:

Նա ասել է, որ Արայիկ Հարությունյանը համաձայնել է իր առաջարկին: Քաղաքական շրջանակներում համոզված են, որ այդ կոմիտեն «Օպերատիվ շտաբ-2» է դառնալու:

Առաջինի հիմնադիրը, հիշեցնենք, Ռուբեն Վարդանյանն էր, այն քննադատությունների թիրախ դարձավ, քանի որ Վարդանյանը հավաքել էր իր մարդկանց եւ պետական ապարատին պարտադրում էր կատարել շտաբի որոշումները։ Հիմա խորհրդատվական մարմինը, ըստ էության, լինելու է ապագա պետնախարարի կուրացիայի ներքո, նաեւ դրա կազմն է ուրվագծվում` կընդգրկվեն մարդիկ, որոնք պետնախարարի համար քաղաքական հենարան կդառնան:

Անունների թվում, նշվում են, բնականաբար, Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի, առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանի եւ այլոց անունները

«Փաստ» օրաթերթը գրում է

Կոռուպցիան, ասում են, «գլուխների մեջ» է: Հակակոռուպցիոն «թափանցիկության» դրոշ թափահարողներն էլ ասում են, որ եթե պետական մարմինները «մեկ անձից գնման ընթացակարգով» պետական ու բյուջետային գումարներ են ծախսում այս կամ այն ապրանքը գնելու կամ ծառայության դիմաց վճարելու համար, ապա փնտրեք կոռուպցիոն ռիսկեր: Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ էր այս թեմայով ամենօրյա ռեժիմով աղմկում: Հիմա, ինչպես ասում են, «նիկոլական» Հայաստանում այդ ամենը, կարծես, առանձնապես փնտրելու կարիք էլ չկա: Խնդրեմ, օրերս մամուլում հրապարակվեց սույն հետաքրքրաշարժ, կարելի է ասել՝ զմայլանախշ տեղեկությունը առ այն, որ իշխանությունները մեկ անձից գնման ընթացակարգով 15 միլիոն դրամի պայմանագիր են կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ:

Այդ ՍՊԸ-ին պատկանող մի շարք ռեստորաններում կազմակերպվել է հյուրասիրություն՝ Հայաստան ժամանած պատվիրակությունների համար: Ասել կուզի՝ հյուրասիրված պատվիրակություններն են կերել, թերևս, նրանց ուղեկցող քպական պաշտոնյաների հետ: Չնայած, մի քիչ դժվար է ընկալել Երևան եկած պատվիրակությանն, օրինակ՝ մի 1000 դոլարի չափով «շաուրմայանոցում» հյուրասիրելու ներկայացուցչականությունը, բայց դա երևի «ոտի վրա» պատվիրակություն է եղել: Իսկ այ, մյուս ռեստորանները, այսպես ասենք, բարձրակարգ են, կերած-խմածներն էլ ամենաքիչը 1500 դոլարի միջակայքում, ընդհանուր, ինչպես ասվեց՝ 15 միլիոն դրամի կերել-խմել են: Այստեղ կարևորը ոչ միայն պետական գումարների հաշվին ուտել-խմելն է, այլև այն, որ այդ ուտուշ-խմուշի ծառայությունների դիմաց վճարումը կատարվել է «1 անձից գնման ընթացակարգով»:

Ինչո՞ւ, Երևանում ուրիշ ռեստորաններ չկա՞ն, միգուցե մեկ այլ ռեստորան, ասենք, ավելի մատչելի գներով կարողանար ապահովել այդ պատվիրակային ուտուշ-խմուշները, և մի 4-5 միլիոն ՀՀ դրամ, ընդգծե՛նք՝ պետական միջոցներ խնայվեին և ուղղվեին, օրինակ՝ զինվորների կացարանները բարելավելուն: Հա, չմոռանանք, այս կազմակերպության անունը հաճախ է «հիշատակվում» նաև բանակին սնունդ մատուցողների շարքերում, չնայած այդ շարքն առանձնապես հոծ չէ: Մեղմ ասած: Ի դեպ, մեկ այլ կարևոր պահ էլ կա. վերոնշյալ նույն հրապարակման մեջ հիշեցվում է, որ այդ 15 միլիոն դրամի պայմանագիրը այն նույն «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ է, որը, կառավարության որոշմամբ, ազատվել էր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» տնօրինելու համար գոյացած 28 միլիոն դրամի հարկային պարտավորությունը վճարելուց:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի մի «ձեռքը» (կառավարություն) հիշատակված ՍՊԸ-ից հրաժարվել է 28 միլիոն դրամ հարկեր վերցնել, ասել է՝ չէ՜, մեր բյուջեին այդ գումարը պետք չի: Ապա Նիկոլ Փաշինյանի մյուս «ձեռքը» նույն ՍՊԸին էլի մի 15 միլիոն դրամ է վճարել՝ պատվիրակություններին հյուրասիրելով տվյալ ընկերության «օբյեկտներում»: Ի՜նչ կոռուպցոն ռիսկ, ի՜նչ բան, չեք ամաչո՞ւմ: Որ այդպիսի բան լիներ, հիմա մեր անաչառ, աննկարագրելի իրավապահները վաղուց ուսումնասիրել են այս ու իշխանությունների հետ սիրով ու գուրգուրանքով «աշխատող», ինչպես Փաշինյանն է սիրում ասել՝ սերտաճող և, ըստ այդմ, ծաղկափթթող այլ կազմակերպությունների գործունեությունը: ... Եվ ամեն դեպքում՝ բայց այս ի՜նչ ուտել են ուտում: Ուրիշ բան չկարծեք՝ ռեստորանում նկատի ունենք: Կարևորը՝ «մեկ անձից գնման» տեսքով:

«Հրապարակ» թերթը գրում է.

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր են շրջանառվում։ Մեր աղբյուրներն ասում են, որ պատճառներից մեկը, անշուշտ, Սուրեն Պապիկյանի բարձր ռեյտինգն է կուսակցությունում եւ երկրում: Նա իրեն համարում է Փաշինյանի իրավահաջորդը, կուսակցության ներսում աջակիցների կուռ թիմ ունի, եւ եթե կա մեկը, որ շանս ունի զբաղեցնել Փաշինյանի տեղը, ապա դա ստեփանավանցի Պապիկյանն է, ով ե՛ւ ֆինանսական վերելք է ապրել, ե՛ւ լուրջ ու զուսպ գործչի համարում ունի, ուստի զարմանալի չէ, որ Փաշինյանը նրան որոշել է գահընկեց անել, չնայած ունեցած կադրային սղությանը: Պապիկյանին «զոհաբերելով»՝ նաեւ կմեղմվեն բանակում հաստատված անտերության, սահմանի անպաշտպանության, բանակը չվերակազմավորելու հետ կապված դժգոհությունները։

ՔՊ-ական աղբյուրներն ասում են, որ անգամ եթե Փաշինյանը գնա այս քայլին, Պապիկյանն էլ հեշտ զիջողներից չէ` նա պաշտպանության նախարարի աթոռի դիմաց նոր, ոչ պակաս ծանրակշիռ պաշտոն է ուզում: Եվ ոմանք աշխատում են, որ ՔՊ-ն հրաժարվի Տիգրան Ավինյանի թեկնածությունից` նրան փոխարինելով ավելի անցողիկ թեկնածու Սուրեն Պապիկյանով:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարեսկզբին կուսակցությունը որոշում կայացրեց եւ հրապարակային հայտնեց, որ իշխող ուժի քաղաքապետացուն Ավինյանն է։ Պապիկյանական թեւի պնդումները հիմնվում են նաեւ վերջին սոցհարցումների արդյունքների վրա, համաձայն որոնց՝ Ավինյանը սարսափելի ցածր վարկանիշ ունի, եւ ժամանակի մեջ այն գրեթե չի աճում, եթե չասենք հակառակը։ Իսկ Երեւանը վերցնելն իշխանության համար կենաց-մահու հարց է, քանի որ, կորցնելով մայրաքաղաքը, կկորցնեն ամբողջ իշխանությունը: Այստեղ ՔՊ-ին պետք է կայուն մեծամասնություն, այսինքն՝ 50+1, կամ երաշխավորված հեռանկար, որ որեւէ գործընկեր ուժի օգնությամբ կվերցնի իշխանությունը, իսկ դա հեշտ գործ չէ, եթե հաշվի առնենք ոչ միայն Երեւանի ընդդիմադիր տրամադրվածությունները, այլ նաեւ այն, որ բոլոր խոշոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է` Գյումրի, Վանաձոր, Կապան, Գորիս, Ալավերդի, Նոյեմբերյան, Բերդ եւ այլն: Այնպես որ, հույսները կարող են լինել միայն ադմինիստրատիվ ռեսուրսը, գողականները, ինտրիգները, ձայներ փոշիացնող շատ մասնակիցները եւ ամառվա տապը, որ ինտելեկտուալ զանգվածը չգնա ընտրության։

Պապիկյանական թեւի փաստարկը հետեւյալն է՝ Սուրեն Պապիկյանը նույնիսկ հիմա, երբ բանակում աղմկահարույց դեպքերի պակաս չի զգացվում, Երեւանում ավելի բարձր վարկանիշ ունի, քան Ավինյանը, ով անցած տարվա սեպտեմբերից դե ֆակտո քաղաքապետ է աշխատում՝ փոխքաղաքապետի պաշտոնում, ամիսներ շարունակ քարոզարշավ է իրականացնում՝ տարբեր խոստումներ տալով Երեւանի բնակիչներին, բայց ռեյտինգը չի աճում։ Իշխանական վերնախավում որքան էլ ընդունում են, որ ասվածի մեջ կա անհերքելի ճշմարտություն, սակայն Ավինյանին Պապիկյանով փոխարինելու հեռանկարով քչերն են ոգեւորված։ Շատերը հասկանում են, որ կեսճանապարհին թեկնածու փոխելով՝ իշխող ուժը կխոստովանի, որ չի հավատում իր հաղթանակին, եւ դա հոգեբանական հետք կթողնի ընտրողների վրա։ Բացի այդ` ցույց կտան, որ այնքան անլուրջ ուժ են, որ անընդհատ մտքափոխ են լինում` թեկնածուի անունը հրապարակում են, հետո հետ կանգնում:

Մեզ ասացին, որ թեման փակված չէ, ՔՊ վերնախավում քննարկում են այս փոխատեղման վնասներն ու օգուտները, Ավինյանի թեկնածության դեմ ամենից շատ աշխատում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․ համոզում է Փաշինյանին՝ ռիսկի չդիմել, Ավինյանով հաղթելու շանս չկա, եւ որպես ապացույց՝ առաջ է մղում այն փաստը, որ, ըստ տարբեր հարցումների, նա իր վարկանիշով զիջում է անգամ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
Նիկոլ Փաշինյանը բարդ ընտրության առջեւ է կանգնած՝ մի կողմից, իսկապես, կա վտանգ, որ թեկնածուի փոփոխությունը կարող է վատ քարոզչություն լինել եւ ազդել ընտրողի հոգեբանության վրա, մյուս կողմից՝ Երեւանում հաղթելու խնդիր կա։ Սրան գումարած, ասում են՝ Ավինյանի նկատմամբ էլ վստահություն չունի, Փաշինյանի ականջին են հասցրել, որ Ավինյանն էլ է իրեն իշխանության իրավահաջորդ զգում եւ մտերիմներից չի թաքցնում, որ քաղաքապետ դառնալով՝ կանգ չի առնելու։ Ի դեպ, դեռ օրեր առաջ ՔՊ մեր աղբյուրներն ասում էին, որ ավագանու ցուցակը կազմելու է ոչ թե Ավինյանը, այլ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Ավինյանի կադրերը չմտնեն ավագանի, այլ՝ իր վստահությունը վայելող մարդիկ, որոնք Ավինյանի գլխին անվստահության գավազանը կախված կպահեն, եւ նա չի ուժեղանա: Բացի այդ, Հայկ Մարությանի պատմությունից են դասեր քաղել եւ ցուցակում քաղաքապետի այլ թեկնածուներ էլ են ընդգրկելու, որ եթե Ավինյանը կորցնի Փաշինյանի վստահությունը, արժանի փոխարինող գտնվի։

Թե ինչ որոշում կկայացնեն ՔՊ-ում, կիմանանք առաջիկայում։ Հիշեցնենք․ այս պահին հայտնի է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, Վարդան Ղուկասյանի՝ Դոգի կուսակցությունը, Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիրը»` Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»` Դավիթ Խաժակյանով, Արամ Սարգսյանի կուսակցությունը, հավանաբար` Անի Խաչատրյանի թեկնածությամբ, գուցե` Վահան Բաբայանի կուսակցությունը, «Սասնա ծռերը» եւ այլն։ Արմատական ընդդիմությունից առայժմ հայտնի է, որ նման մտադրություն ունի «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, սակայն նա դեռ չի հայտարարել այդ մասին:

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Կառավարական առանձնատների պահպանությամբ եւ սպասարկմամբ զբաղվող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը մեր հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչի համար է ՊՈԱԿ-ին այս տարի ավելի շատ՝ շուրջ 73 մլն դրամ ավելի գումար հատկացվել պետական բյուջեից, քան նախորդ տարի։ Հիշեցնենք․ «Հրապարակը» գրել էր, որ վարչապետի աշխատակազմն այս տարի Պռոշյանի առանձնատներին հատկացրել է 542 մլն 465 հազար 200 դրամ՝ անցած տարվա 469 մլն 741 հազար դրամի փոխարեն։ Խնդրել էինք պարզաբանել, թե ինչ հավելյալ աշխատանք է պատրաստվում կատարել ՊՈԱԿ-ը Կոնդի առանձնատներում, որի տներն ամեն պաշտոնյայի փոփոխության հետ վերանորոգվում են՝ այդ պաշտոնյայի ճաշակին ու քիմքին համապատասխան։

ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանը պատասխանել է, որ հավելյալ գումարի կեսից ավելին ուղղվելու է ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին․ ««Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը 2023 թվականին «Դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի շրջանակում 2022 թվականի համեմատ հատկացվել է 72 641,600 դրամ ավել գումար, որից 38 մլն 897 հազ. դրամը՝ «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» տնտեսագիտական հոդվածով»,- պատասխանել է ՊՈԱԿ-ի տնօրենը։ Ըստ Վարդուհի Հարությունյանի՝ հավելյալ գումարից 18 միլիոնը կոմունալ վճարումներին է ուղղվելու, քանի որ կառավարական առանձնատների բնակիչների թիվը մեծացել է։

«Հավելյալ 18 մլն 212 հազար դրամ հատկացվել է  «էներգետիկ ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման ծավալների հնարավոր ավելացմամբ պայմանավորված: «Վարչական սարքավորումներ» հոդվածով տեխնիկա, սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, ելնելով ժամանակի ընթացքում հնացած եւ անսարք տեխնիկան փոխարինելու փաստացի անհրաժեշտությունից, նախատեսվել են 3 մլն 425 հազար դրամով ավել ֆինանսական միջոցներ: «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը հանդիսանում է ավելացված արժեքի հարկ վճարող, հետեւաբար՝ վերը ներկայացված տնտեսագիտական հոդվածներով հատկացված 60 մլն 534 հազ. դրամ ֆինանսական միջոցների նկատմամբ հաշվարկվում է 20% ԱԱՀ՝ 12 մլն 106 հազար դրամ։ Վերոգրյալ բոլոր հավելյալ հատկացումները պայմանավորված են բնակեցված մասնաշենքերի թվի ավելացմամբ: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ 2023 թվականի բյուջեի կատարման ընթացքում փաստացի ծախսերը կարող են պակաս լինել հատկացված ֆինանսական միջոցներից»,- պատասխանել է ՊՈԱԿ-ի տնօրենը։

ՀԳ․ Մենք տեղեկացանք նաեւ, որ կառավարական առանձնատների հետ կապված ավելի խոշոր ծրագիր ունի Նիկոլ Փաշինյանը` նա որոշել է այստեղ բնակեցնել բոլոր նրանց, ում օրենքով հասնում է Կոնդի առանձնատներում կեցությունը` բացի Փաշինյանի անձնական համակրանքը վայելողներից, օրենքով Անվտանգության խորհրդի անդամներն իրավունք ունեն այնտեղ ապրել: Սակայն առանձնատների տարածքում այլեւս բնակության համար պիտանի շենքեր չկան` կա մի 6-7 տուն, սակայն դրանք լուրջ կապիտալ ծախսեր են պահանջում: Մանավանդ մեր նորահարուստ իշխանավորներն այլեւս համեստ նորոգումներով տներում ապրել չեն ցանկանում` նրանք շքեղ եւ բարեկեցիկ միջավայր են ուզում: Ենթադրվում է, որ Փաշինյանը որոշել է ամրացնել իր «թիկունքը» եւ նոր հարեւաններով իրեն շրջապատել, որ ավելի պաշտպանված լինի, եւ այդ անձինք էլ անընդհատ իր աչքի առաջ լինեն: Ըստ այդմ` ուզում է առաջարկել, որ ԱԽ անդամներ ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը եւ մյուսները տեղափոխվեն Պռոշյան:

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ՝ փետրվարի 20-ին, Արցախյան շարժման 35-րդ տարելիցն էր: Մի շտապեք ուղղել, գիտենք, որ ճիշտը «տարեդարձն» է, բայց Նիկոլի գլխավորած գործող իշխանությունն այն աղետը բերեց այդ շարժման բովանդակության ու արդյունքների, Արցախի ու Հայաստանի գլխին, որ հաղթանակները պարտության վերածվեցին, տոները՝ սգի ու վշտի, տարեդարձներն էլ՝ տարելիցների ու «հիշատակի օրերի»: Հա, ու Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ի առիթով հանդես է եկել «ՀՀ վարչապետի ուղերձով»: Այդ փաստաթղթի մի երկու տող ընթերցելու նախնական տպավորությունն այն էր, որ «նախկինները» Նիկոլ Փաշինյանի «գրպանն» ուղերձ են գցել: Չնայած, չէ, ինչինչ, բայց նման տեքստով ուղերձ, թեկուզ սևագիր տարբերակով, «նախկինները» չէին կազմի, հաստա՛տ: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա միանգամից աչք է ծակում, որ նախ՝ Արցախյան շարժումը նա նշում է որպես «Ղարաբաղյան շարժում», ըստ որում՝ 1 անգամ մեծատառով, մեկ անգամ՝ փոքրատառ:

Առհասարակ, ուղերձում Փաշինյանը նշում է «Լեռնային Ղարաբաղ»: Ավելին, չի նշում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Համեմատության համար նկատենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ 2021թ. փետրվարի 20-ին նույն առիթով տարածած ուղերձում ոչ միայն ամենուր հիշատակում է Արցախ բառը, այլև ուղերձը 2 տարի առաջ ավարտում է, ի մասնավորի, հետևյալ կոչով. «Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը» (կասկածողները կարող են համոզվել «ՀՀ վարչապետի» պաշտոնական կայքէջում, ինչպես ասում են, քանի դեռ չեն ջնջել): Իսկ հիմա՝ միայն «Լեռնային Ղարաբաղի հայություն», շատ-շատ՝ «Արցախի հայություն, արցախցիներ» ու ոչ մի «Արցախի Հանրապետություն», առավել ևս՝ ոչ մի «կեցցե՜»: Նիկոլ Փաշինյանը շարունակում է «աճել», հատկապես Մյունխենից հետո կամ Մյունխենի խորապատկերում, որտեղ նրա ներկայությունը դիպուկ բնորոշվում է հինավուրց ասացվածքով, այն է. «Կաղ էշով քարավանին էր խառնվել»:

Վերադառնանք Փաշինյանի երեկվա ուղերձին, որտեղ նաև կոպիտ սխալ կա, մասնավորապես հետևյալ սխալը. «...1988 թվականի փետրվարի 20-ից սկիզբ առած բողոքի ինքնաբուխ ու բազմամարդ ցույցերը...»: Միայն միտումնավոր խեղաթյուրման նպատակ ունեցողը կարող է Արցախյան շարժման ծավալման մեկնակետ համարվող 1988թ. փետրվարի 20-ի ցույցն անվանել որպես բողոքի ցույց, ավելին՝ այն նշել որպես ինքնաբուխ: Ի՞նչ ինքնաբուխի մասին է խոսքը, եթե շարժման խմորումը ու ստորագրահավաքը սկսվել էին շատ ավելի վաղ: Ավելին, Արցախյան շարժման առաջին ցույցերում շեշտը ոչ թե բողոքն էր, այլ պահանջը, կոնկրետ Արցախի ու Հայաստանի վերամիավորման, ավելի կոնկրետ՝ ԼՂԻՄ-ը ադրբեջանական ենթակայությունից հանելու և Հայկական ԽՍՀ ենթակայությանը հանձնելու պահանջը: Իսկ Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձում, օրինակ՝ նշում է. «35 տարի անց էլ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ»:

Բայց համեստորեն լռում է այն մասին, որ նման իրավիճակի գլխավոր պատասխանատուն ու հիմնական պատճառը ի՛նքն է, հիշատակված 35-ից վերջին 5 տարին ի՛ր վարած անպատասխանատու քաղաքականությունը, քայլերն ու որոշումները: Նիկոլ Փաշինյանն ուղերձում անդրադառնում է Արցախից մնացած բեկորի շրջափակված լինելուն և ապաշրջափակելու եղանակ է համարում... «Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնել»-ը, որի ուղղությամբ, իբր, ինքն ու իր կառավարությունը ջանքեր են գործադրում: Այսինքն, իրենք, իբր, միջազգային հանրությանն անընդհատ բզում են, որ վերջինս ճնշի Ադրբեջանի վրա, որ Ալիևը շրջափակումը դադարեցնի: Հա՜, չափազանց իրատեսական ու գործնական եղանակ է: Չտեսա՞ք, թե Ալիևն ինչպես էր լքլքում, ահուդողից կափկափում Մյունխենում: Իսկ Փաշինյա՜նը... Փաշինյանն ի՞նչ: Ուղերձներ շարադրելու փոխարեն, էն է՝ գնացել էիր, Մյունխենում բլբուլ կտրեիր:

Վերջում էլ Փաշինյանը Արցախի հայությանը կոչ է անում ամուր ու անկոտրում լինել, իսկ ինքն էլ ուժերը պիտի կենտրոնացնի «խաղաղության օրակարգի» վրա: Կարելի է վերծանել այսպես՝ «եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք»: Հա, ի դեպ, Արցախյան շարժման էությունը ազգային ինքնորոշման իրավունքն ու այդ իրավունքի իրացումն է: Ըստ Նիկոլ Փաշինյանի, «Մեծ հաշվով, խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը, և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ»: Տեսնում ենք, թե ինչպես է նրա իշխանությունը «շարժվում» այդ նպատակին ընդառաջ, հատկապես անվտանգության պահով: Մի քիչ էլ որ «շարժվի», ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից բան չի մնա: Իսկ առհասարակ, ուղերձ հղելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ Ն. Փաշինյանը բացեիբաց հայտարարեր, թե կոնկրետ է՛լ ինչեր է պայմանավորվել Ալիևի հետ: Ինքն էր, չէ՞, ասում, որ հենց համաձայնելու տարբերակ տեսնի, կգա, հրապարակում կասի, որ «ժողովուրդը որոշի»...