Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը, Ինչ հիմքով են ազատ արձակվել ադրբեջանցիները․ Մամուլը՝ սուրճով

Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը, Ինչ հիմքով են ազատ արձակվել ադրբեջանցիները․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.  ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը շան լափ է թափել  պատգամավորների վրա եւ տեղ է հասցրել միջնորդավորված՝ իր «տասովշչիկների», ՔՊ փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանի եւ Գեւորգ Պապոյանի միջոցով։

Նրան վրդովվեցրել է այն փաստը, որ գերիների հարազատները Մուրացանի հոսպիտալի դիմաց ժամեր շարունակ լարված վիճակում սպասել են իրենց որդիներին, իսկ ՔՊ-ական պատգամավորներից ոչ մեկը ծանր տեղը չի թեթեւացրել, որ գնա հարազատների մոտ, հանգստացնի, զրուցի եւ իշխանության փիառն անի։

Ի վերջո, ուշացումով դեպքի վայր են հասել գյումրեցի պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը եւ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի դե ֆակտո նախագահ Ռուստամ Բաքոյանը, որոնց ներկայությամբ իրավապահները քաշքշել են գերիների հարազատներին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը հրահանգել է հնարավորինս սեղմ ժամկետում ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, անգամ՝ ոչ բարձրաստիճան, որոնք ՔՊ անդամ չեն, կուսակցության գաղափարները չեն կիսում եւ համարձակվում են չեզոքություն պահպանել:

Ընդ որում՝ Փաշինյանը հրահանգել է ազատվել բոլոր ոլորտներում՝ կլինի դա կրթություն, առողջապահություն, սպորտ, թե անգամ մանկապարտեզի կամ դպրոցի տնօրեն. նրանք ովքեր ՔՊ անդամ չեն, հլու-հնազանդ համակիրը չեն, ուրեմն կառավարման ոլորտում տեղ չունեն:

Օրերս Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, սրա հիմնական պատճառն էլ եղել է այն, որ տնօրենները ՔՊ -ական չեն եղել:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած թավշյահեղափոխականները ոչ մի քննադատություն կամ ընդդիմադիր խոսք, այլակարծություն չեն հանդուրժում»:

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստան վերադարձած 32 ռազմագերիների դիմաց հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց 2 ահաբեկչի՝ Հուսեյն Ախունդովին եւ Ակշին Բաբիրովին, որոնք դատապարտվել էին ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար: Սա ներկայացվեց որպես երկու երկրների կառավարությունների բարի կամքի դրսեւորում, սակայն մինչ այժմ չեն հայտնել, թե կոնկրետ ինչ իրավական ակտով են ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ախունդովին ու 11 տարի ազատազրկման դատապարտված Բաբիրովին բանտից հանել ու հանձնել Ադրբեջանին։

Այս առումով իրավական 3 ճանապարհ կա, մեկը միջազգային կոնվենցիայով է կարգավորվում, ըստ որի՝ ցմահ դատապարտվածին, ով այլ երկրի քաղաքացի է, հանձնում են տվյալ երկրին, որտեղ նա պետք է շարունակի իր պատիժը կրել։ Բնականաբար, դժվար է հավատալ, որ ՀՀ կառավարությունը նման պայմանով է հանձնել այդ ադրբեջանցիներին։ Մյուս ճանապարհն այն է, որ դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում։

Երրորդը՝ վարչապետի առաջարկությամբ նախագահը ներում է շնորհում: Սա, թերեւս, ամենահավանական տարբերակն է, քանի որ նման կարճ ժամկետում դժվար դատական նիստ լիներ, եւ դրա մասին ոչ ոք չիմանար։ Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե իրենց ենթակա քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ադրբեջանցիներն ինչ իրավական ակտով ազատվեցին եւ ուղարկվեցին Ադրբեջան` նրանց ներո՞ւմ է շնորհվել: Մեր հարցին չորով պատասխանեցին․ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանն ավելացնելու բան չունենք»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպման 43-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի խաղացող Անտե Բուրիմիրը բացեց խաղի հաշիվը։ Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ էր մեկնել նոյեմբերի 20-ին: Հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրարկովն ավելի ուշ հաստատել էր, որ հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկված են 23 ֆուտբոլիստներ՝ Օգնեն Չանչարեւիչ, Ստանիսլավ Բուչնեւ, Արսեն Բեգլարյան, Անդրե Չալըշըր, Ալբերտ Խաչումյան, Տարոն Ոսկանյան, Ստյոպա Մկրտչյան, Ժիրայր Շաղոյան, Էդգար Սեւիկյան, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան, Լուկաս Սելարայան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Միրանյան, Էրիկ Փիլոյան, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Հարությունյան, Վբեյմար Անգուլո, Հրանտ-Լեոն Ռանոս, Արտակ Դաշյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Վահան Բիչախչյան: Վարազդատ Հարոյանը եւ Ուգոչուկվու Իվուն չմեկնեցին Խորվաթիա: Մեր ընտրանու ավագը բաց թողեց հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Ըստ տրամաբանության՝ Զագրեբ պետք է մեկնեին հայտավորված մարզիկները, մարզիչը եւ սահմանափակ թվով անդամներ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Խորվաթիա են մեկնել հնարավոր ու անհնարին, տրամաբանությունից հեռու ու մոտ մի շարք անձինք, որոնք փաստացի ոչինչ չեն ունեցել անելու. իրենց գործառույթը իրականացնելու կարիք եղել է Հայաստանում եւ ոչ թե Խորվաթիայում: Ըստ տեղեկությունների՝ ՀՖՖ-ի հաշվին, Մելիքբեկյանի «դաբրոյով» Զագրեբ է մեկնել նաեւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ՝ պարզելու, թե, Հայաստանի ազգային հավաքականից բացի, ովքեր են մեկնել Խորվաթիա՝ խաղին ընդառաջ: Խնդրել էինք տրամադրել ցանկ: Նաեւ խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե որքան գումար է ծախսվել նրանց թռիչքի, կեցության եւ օրապահիկի համար: Ինչպես միշտ, այս անգամ եւս Մելիքբեկյանի ղեկավարած կառույցը հարցերին պատասխանում է միեւնույն ոճով՝ լռությամբ: Հատուկ ՀՖՖ-ի անձնակազմի եւ Արմեն Մելիքբեկյանի համար հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվական հարցումներին պետք է պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ամեն դեպքում, այս ծածկադմփոցից որեւէ տվյալ չհաղորդելով՝ ֆեդերացիան գնդակը գլորեց դեպի Գաբրիելյանի դաշտ:

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձեց կապ հաստատել պատգամավորի հետ՝ պարզելու, թե արդյոք գնացել է նա Զագրեբ, եւ եթե գնացել է, ինչ նպատակով: Սիսակ Գաբրիելյանը եւս մեր զանգերն ու նամակները թողեց անպատասխան. հնարավոր չեղավ պարզել, թե, օրինակ, այդ պատգամավորի եւ մյուս պաշտոնյաների ճամփորդության եւ կեցության ծախսերն ով է հոգացել»: