Սրբազանից ի՞նչ կա

Նիկոլ Փաշինյանի վերջին կադրային փոփոխություններից առաջացած աղմուկի ֆոնին մոռացության մատնվեց մի ոչ պակաս կարևոր իրադարձություն՝ Սրբազան պայքարը։ Ու եթե չլինեն ֆեյսբուքյան «ռիլերով» նյուզիֆիդում եկող Բագրատ Սրբազանի վերջին հարցազրույցներից ինչ-որ հատվածներ, երևի ոչ էլ հիշեինք Սրբազանին, որովհետև երբեմնի հեղափոխական հոգևորականը, կարելի է ասել, անցել է ընդհատակ։
Նա մի պահ մեկնել էր Մոսկվա՝ կարծես թե բուժման նպատակով, իսկ իրականում, ինչպես հասկացանք, ավելի շատ ռուսաստանաբնակ որոշ շրջանակների հետ հանդիպումներն էին «գործուղման» առիթը, ապա վերադարձավ ու․․․ այսքանը։ Սրբազանի ու Սրբազան պայքարի էքզիստենցիալ գոյության մասին հուշում են միայն «Նիկոլի ծառա» գրառմամբ տարբեր ՔՊ-ականների նկարները Երևանի տարբեր հատվածներում փակցնելը, որոնց մասին մենք տեղեկանում ենք «Սրբազան պայքար» անունով տելեգրամյան ալիքից, և Բագրատ Սրբազանի տված վերջին հարցազրույցը մեր գործընկեր Բեթղեհեմ Արաբյանին։ Ուրիշ ոչ մի բան այս երկրում չի հուշում, որ Հայաստանում կա Բագրատ Սրբազան անունով մի հոգևորական, որը դեռ մայիս ամսին քաղաքական հայտ էր ներկայացրել Տավուշի մարզից ոտքով գալ Երևան և օր առաջ հեռացնել այս «չարիքի իշխանությանը»։
Այս ամիսներին Բագրատ Սրբազանը մի քանի անգամ հստակ ժամանակ տվեց իր բնորոշած այդ «չարիքին»՝ Նիկոլ Փաշինյանին, որ նա ինքնակամ հեռանա, «չարիքը», բնականաբար, Սրբազանի ասելով չհեռացավ, փոխարենը օրեր առաջ պաշտոններից հեռացրեց իր կաբինետի որոշ անդամների։
Իսկ ի՞նչ է անում այս ընթացքում Բագրատ Սրբազանը՝ հարցազրույց է տալիս, որտեղ խոսում է բացառապես նույն բաներից, արտահայտելով նույն տեսական մտքերը, անում նույն հոգևոր-բարոյական արժեքների ծիրում ծվարած հիպոթետիկ դատողությունները, տալիս նույն մաշված գնահատականները, որոնք ոչ մի կերպ չեն գեներացնում հեղափոխական էմոցիաներ հանրության շրջանում։
Նրա ու իր ղեկավարած, բայց արդեն անշարժացած շարժման էքզիստենցիալ գոյության մասին է հուշում նաև այն, որ իր շուրջը մնացած մի քանի ազնիվ երիտասարդները, որոնք դեռ հավատում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գալստյանն ու այս «չարիքի իշխանության օր առաջ հեռացմանը», մի քանի օրը մեկ պրինտերով տպում են տարբեր նիկոլականների նկարներ՝ ճակատներին «նիկոլի ծառա» մակնշմամբ, և գիշերով այդ նկարները փակցնում են աղբամանների, հենասյուների և շենքերի պատերի վրա։ Ասել է թե՝ Բագրատ Սրբազանն իր պայքարը իջեցրել հասցրել է աղբամաններին թղթի կտորներ փակցնելու մակարդակի։
Փաստացի, Նիկոլի ու իր չարաբաստիկ իշխանության հեռացման մասին այսօր ոչ ոք չի խոսում, էլ չենք ասում՝ ոչ ոք որևէ գործնական քայլի չի էլ դիմում։ Բոլորը հասկացել են, որ Նիկոլը մինչև 2026 թիվը հաստատ «օր առաջ չի հեռանալու», եթե մինչ այդ, ասենք, Նիկոլին պատահաբար «ինֆարկը չխփի», ուստի հիմա բոլորը պատրաստվում են 2026 թվականի հերթական ընտրություններին։ Ընդ որում, այդ բոլորի մեջ մտնում են թե՛ խորհրդարանական ուժերը, որոնք հենց առաջին օրվանից էին պատրաստվում հերթական ընտրություններին՝ ժողովրդի մոտ, չգիտես ինչու, այս տարիներին սին հույսեր արթնացնելով, թե շուտով փողոցի միջոցով հեռացնելու են Նիկոլին, թե՛ դրսի արտախորհրդարանական ուժերը, որոնց հետ Բագրատ Սրբազանը վերջին շրջանում «լուրջ ու կարևոր» հանդիպումներ էր ունենում։
Ու միայն Բագրատ Սրբազանն է, որ չի գիտակցում այդքանը, որ Նիկոլը հեռացողը չէ, ավելին՝ այս տեմպերով մի բան էլ նորից վերընտրվող է, կամ էլ գիտակցում է, բայց չգիտի՝ ինչպես դա խոստովանել։ Դրա համար էլ փորձում է պայքարի իմիտացիա անել՝ նկարներ փակցնելով և հարցազրույցներ տալով։ Դրանք էլ անում է, որ չասեն՝ ավարտվել է ամեն ինչ, այլևս որևէ բանի հույս չկա, «Մավրը իր գործն արեց»՝ հերթական անգամ ժողովրդին հուսախաբ արեց, «Մավրը կարող է հեռանալ»։
Վահե Մակարյան