Իշխանության «ծաղրածուն»

Իշխանության «ծաղրածուն»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ պատգամավոր- խոսնակ Վահագն Ալեքսանյանն է, որը շարունակում է Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցել՝ առանձնակի ցինիզմով ու անսպառ շողոքորթությամբ։

Դրոշ պոկողը

Նորություն է չէ, որ Վահագն Ալեքսանյանը կատարում է անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները, ընդ որում՝ դրանցից ամենանողկալիները։ Բոլորն են հիշում ՔՊ տխրահռչակ խոսնակի գռեհիկ որակումները լրագրողների հասցեին, «բոցավառ ելույթները» ընդդիմության առաջնորդների դեմ։

Երեկ Ալեքսանյանի «թշնամին» Արցախի պետական խորհրդանիշն էր՝ դրոշը։

ՔՊ խոսնակը, ելույթի համար մոտենալով ԱԺ ամբիոնին, այնտեղից հեռացրել է ընդդիմության տեղադրած Արցախի դրոշը։

Ցինիզմ

Թերևս, ուշացմամբ, բայց, այնուամենայնիվ Ալեքսանյանը գիտակցել է, թե ինչպիսի քստմնելի արարք է կատարել ու օրվա ընթացքում առիթ է փնտրել՝ «տուժողի» կերպարով հանդես գալու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Սիրելի՛ հայրենակիցներ, լրագրողական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, քիչ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից սրահում՝ լրագրողների աշխատանքային գոտում, «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ․․․»

Փաշինյանի «ծաղրածուն» ակնհայտորեն փորձում է շեղել հանրության ուշադրությունն իր քստմնելի արարքի հանդեպ ու դարձյալ թիրախավորում է լրագրողի։

Վահրամ Բագրատյան