Հեշտ չէր վրանները հանելու որոշումն ընդունելը․ Սաղաթելյանն անկեղծացավ
Դիմադրության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց, թե ինչ է նշանակում ցանցային պայքար և շարժում ինչ է անելու։
Նրա խոսքով՝ շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար։
«Մենք որոշեցինք, որ հրապարակում պետք է լինի դիմադրության առաջին օջախը, դրա համար պետք էր վրանային ավան, և ասեմ, որ այդ վրաններով հսկայական արդյունք ենք ունեցել։ Եկել էր պահը ստեղծված վիճակը գնահատելու և ծանր որոշում ընդունելու։ Մեր խնդիրը վրաններով մեր վճռականությունը ցույց տալը չէր»,- ասաց Սաղաթելյանը։
Նա անկեղծացավ՝ իրենց համար հեշտ չէր վրանները հեռացնելու որոշումն ընդունելը, բայց նպատակահարմար չէր 30-40 աստիճանին մի քանի հարյուր քաղաքացի ամեն օր հրապարակում հավաքելը։
«Նպատակահարմարության և արդյունավետ շարունակության հարց գոյություն ուներ։ Այո՛, մենք վերցրել ենք պատասխանատվությունն ու ընդունել որոշում՝ հասկանալով, որ դա կարող է աշխատել մեր դեմ։ Մենք մեր վարկանիշի մասին չէինք մտածում, այլ՝ արդյունքների»,- նկատեց Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց՝ շարժումը չի թուլանալու, և ինքը երախտապարտ է քաղաքացիներին, որոնք հրապարակում են եղել, բայց հիմա նրանք այլ գործերում պետք է ներգրավված լինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։