Քրեական գործը մնացել է Աղազարյանի որդու ուսերին, Իշխանական պատգամավորները դժգոհ են. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր ձախողումը վստահաբար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի գոյությունն ու կտրուկ անհետացումն է՝ կոռուպցիոն ռիսկերով եւ դրսեւորումներով:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն բաժնեմասային ներդրում էր իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։
«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է մեզ քաջ հայտնի երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը եւ «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Այսինքն՝ պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի: Երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման եւ տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են, անշուշտ։ ԱՆԻՖ-ի եւ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ի միջեւ համագործակցության արդյունքում կառուցվել է «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնը եւ սպորտային զվարճության հարթակը։ Ինչպես նաեւ ներդրումներ էին իրականացվել «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացման եւ համարային ֆոնդի ավելացման համար։ Ֆոնդի մասնակցությունը այս ծրագրում կազմել է 25% – 49%, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 798 մլն ՀՀ դրամ` գրեթե 2 մլն դոլար։
Հավելենք նաեւ, որ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն գրանցված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում։ ՓԲԸ-ի հիմնադիրը Տիգրան Չիբուխչյանն է. նա ընկերությունում ունի 22.9% բաժնեմաս։ Իրական շահառուների մասին հայտարարագրում շահառու է նաեւ ԱՄՆ քաղաքացի Ամուր Ավակյանը, ով ունի 19.6% բաժնեմաս։ Իրական շահառուների ցանկում է նաեւ Իրինա Չիբուխչյանը 26.3% բաժնեմասով եւ Արտակ Չիբուխչյանը՝ կրկին 26.3% բաժնեմասով։ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ի 4.7% բաժնետեր է նաեւ Արսեն Գաբրիելյանը։
Հավելենք նաեւ, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ներդրվել էր 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման համար։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ավիաընկերության՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49 % բաժնետերն էր նաեւ։ ԱՆԻՖ-ը նաեւ ներդրումներ է արել Hard Rock սրճարանում, Fly Arna ավիաընկերությունում, Ֆոնդը նաեւ արաբական Masdar-ի հետ իրականացրել էր «Այգ-1» ծրագիրը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ձախողված ԱՆԻՖ-ը, 13 մլն դոլարի ներդրմամբ բացվելուց հետո, 5 տարի գործեց, չարդարացրեց իրեն, եւ դեռ 5 միլիոն դոլար էլ պետբյուջեից կրկին հատկացվեց, որ լուծարվի: Կարճ ասած՝ ԱՆԻՖ-ը մեր բյուջեի վրա արժեցավ 18 մլն դոլար:
Թե ովքեր են ԱՆԻՖ-ից օգտված «մասնավորները», կներկայացնենք հաջորդիվ»:
ՔԿ ղեկավարի սկանդալային հայտարարությունից հետո խաղաքարտեր են բացվում, որոնք թիրախավորում են կոնկրետ մարդկանց։
Այսպիսով՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու մեքենաները քրեական վարույթի շրջանակում ՔԿ-ն արգելքի տակ է վերցրել։
2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումար՝ համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ իր ընկերության անունով, վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու եւ ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ՝ պայմանով, որ վերադարձի ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն, որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց:
Տ.Հ.-ն Տիգրան Հովհաննիսյանն է, ով անցել է այս դեպքի վարույթով, սակայն նրա գործը կարճվել է, իսկ թիրախում մնացել է Հովիկ ղազարյանի որդին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը պատմել է, թե քրեական գործն ինչ փուլում է։
««Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Տիգրան Հովհաննիսյան. ավտոմեքենաների ներկրման ու ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված գործընթացում ենթադրաբար պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով դեռեւս 2023 թվականին կալանավորվել էի, ինձ մեղադրանք էր ներկայացվել խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար:
Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դեռեւս 2024 թ. հունիս ամսին դադարեցվել էր, նախաքննական մարմինը գտել էր, որ իմ արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, այսինքն՝ հարուցված քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել էր, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել»:
Տիգրան Հովհաննիսյանը փոխանցեց նաեւ, որ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող հարյուրավոր կազմակերպություններ կան, որոնց հետ կապված բազմաթիվ քրեական գործեր կան: Հովիկ Աղազարյանի ու քննչական կոմիտեի նախագահի միջեւ քննարկված թեման իր հետ բացարձակ կապ չունի, ոչ էլ կարող է կապ ունենալ, քանի որ իր գործը վաղուց է ավարտվել: Հովիկ Աղազարյանի որդին նույնպես զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ եւ իր հետ ո՛չ առնչություն է ունեցել, ո՛չ համագործակցել է, եւ նրա հետ կապված քրեական գործը, որքանով որ ինքը տեղյակ է, դեռ քննության փուլում է:
Ստացվում է, որ ավտոներկրողների գործերից որոշ գործեր կարճված են, եւ Հովիկ Աղազարյանի որդին թիրախում մնացած միակ անձն է այսօրվա դրությամբ: Իրավապահները կասկածներ ունեն, որ նա կապեր է օգտագործել, ապօրինություններ արել, դրա համար գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ ավտոմեքենաներն էլ արգելանքի տակ են»:
«Հրապարակը» գրում է․
ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, թե ինչու է խմբակցության պատգամավորների վերաբերյալ կարգապահական վարույթները քննում ՔՊ վարչությունը: Այսինքն՝ մի քանի հոգով վճռում են ժողովրդից մանդատ ստացածների ճակատագիրը, մինչդեռ պառլամենտական կառավարման համակարգում առաջնային դերակատարումը հենց օրենսդիր մարմնինն է, ու իշխանական պատգամավորների վերաբերյալ վարույթներն էլ պետք է քննի ոչ թե վարչությունը, այլ հենց պատգամավորական խմբակցությունը, հատկապես որ խորհրդարանական գործունեության ընթացքում են այդ պատգամավորներն «անհարգալից պահվածք, էթիկայի խախտում դրսեւորում»։
Որոշ տեղեկություններով, ՔՊ խմբակցության առաջիկա նիստում, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է բարձրաձայնեն այս հարցը եւ փորձեն այն վարչության տիրույթից տեղափոխել խմբակցության դաշտ։