Մեր այստեղ լինելն անիմաստ չէ․ վճռական ենք, բայց հո՞ մեր հետ չենք կռվելու․ «Խաչակիրների» հրամանատար

Մեր այստեղ լինելն անիմաստ չէ․ վճռական ենք, բայց հո՞ մեր հետ չենք կռվելու․ «Խաչակիրների» հրամանատար

Մենք Սյունիքում ենք, Կոռնիձորից մի փոքր հեռու, որևէ խնդիր չի եղել։ Առաջին օրը, երբ եկանք ոստիկաններն ինձ ուղեկցեցին, առաջացել եմ, որ ռուս խաղաղապահների հրամանատարի հետ հանդիպեմ, սակայն տեղում չէր ու չգիտենք, թե երբ է գալու․  մենք սպասելու ենք այնքան ժամանակ, մինչև հանդիպենք ու լուծում գտնենք․ մեր այստեղ լինելն անիմաստ չէ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Խաչակիրներ» ջոկատն ու նրանց աջակիցները Կառավարությունից զենք էին պահանջում, որպեսզի գնան ու բացեն Ադրբեջանի կողմից ապօրինաբար փակ պահվող Հակարի կամուրջը։ Զենք չստանալուց հետո նրանք Եռաբլուրից շարժվել են դեպի Կոռնիձոր՝ իրենց ուժերով վիճակը շտկելու։

«Իմ թիմն ինձ հետ է ու մենք օր օրի ավելանում ենք, բայց սկզբում ինձ հետ էին մարդիկ, որոնք ակնհայտորեն ուղարկված էին։ Իրենք Եռաբլուրում երդվեցին, թե մինչև գործը չվերջացնեն, հետ չեն դառնալու, բայց ոնց հասկացա իրենք իրենց երդումն էլ անտեսեցին և Երևան վերադարձան ինձ վատաբանելու համար։ Մեր թիմն իրենց լքելով չի տուժում, մեր նպատակը նույնն է, որ ճանապարհը բացվի և փորձում ենք այն խաղաղ տարբերակներով իրագործել։ Ես հրապարակում կոչ արեցի, որ պատերազմով էլ լինի, մենք մեր նպատակին հասնելու ենք, պատերազմը միշտ էլ կա ու կա, ուղղակի հիմա պատերազմ չենք ուզում, որովհետև այնտեղ 18-20 տարեկան զինվոր տղերք են կանգնած, բայց ամենավերջում, երբ տեսնենք էլ հնարավոր չէ, պատերազմով ենք լուծելու հարցը»,-ասաց Պողոսյանը։

Դիտարկամանը՝ և՛ Տեղ համայնքի ղեկավարը և՛ Կոռնիձորի վարչական ղեկավարը հայտարարել էին, թե ջոկատի քայլերը անիմաստ են և շոու են հիշեցնում, վերջինս պատասխանեց․

«Կոռնիձորի գյուղապետն ասում է՝ 20-25 հոգի ենք, նկար ունեմ, որտեղ պարզ երևում է, որ մեր թիմը 200-ից ավելի է։ Մոտ 8-10 անձ Երևան է վերադարձել, բայց այնպես չէ, որ իրենց պահվածքը մեզ մոտ ինչ-որ բան է փոխում, մենք մեր նպատակից հետ չենք կանգնի, որքան էլ վատաբանեն»,-նշեց նա։

Հարցին՝ եթե չի ստացվել ռուս խաղաղապահների հետ բանակցել, ապա ինչպե՞ս են պատկերացնում հետագա քայլերը, վերջինս արձագանքեց․ 

«Մենք դա անելու ենք, մենք հո՞ մեր հետ չենք կռվելու. վճռական ենք, մինչև վերջ մնալու ենք այստեղ»։

Ճշտող հարցին, թե ի՞նչ վիճակում են Հայաստանից Արցախ ուղարկված բեռները, որոնք ճանապարհի փակ լինելու պատճառով մնացել են Կոռնիձորում, Պողոսյանը ներկայացրեց․

«Բեռնատարների վարորդներն այնտեղ չեն, բայց երբ ես մոտեցա մեքենաներին, տեսա, որ շարժիչները միացված էին, որպեսզի ապրանքը չփչանա այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի Արցախ հասցնել»։

Լիաննա Թորոսյան