Ալեն Սիմոնյանը մեկնել է շրջագայության, այս անգամ Ինդոնեզիա, ինչո՞ւ․ Արեգնազ Մանուկյանը՝ Ռուբինյանին

Այս էլ որերորդ անգամ` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լիագումար նիստերի օրերին մեկնում է գործուղման, ավելի ճիշտ՝ շրջագայության, և դա, բնականաբար, պետական բյուջեի հաշվին․ ինչո՞վ է պայմանավորված 11 հոգանոց պատվիրակության մեկնումը Ինդոնեզիա։ Այդ մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում հարց բարձրացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ի պատասխան նրա հարցի՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ միջխորհրդարանական հարթակներում ԱԺ-ն ունի տարբեր պատվիրակություններ, և Ալեն Սիմոնյանը չի մեկնել Ինդոնեզիա՝ շրջագայության։

Արեգնազ Մանուկյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ իր հարցին խուսափողական պատասխան տրվեց։

«Ուզում եմ ընդգծել, որ Ալեն Սիմոնյանը միակը չէ այս ԱԺ-ում, որ տուրիստական տոմս է շահել։ ՔՊ-ականները գնում են արտերկիր՝ առանց որևէ արդյունք գրանցելու»,- ասաց նա։

Ռուբեն Ռուբինյանն էլ նկատեց՝ միայն ՔՊ-ական պատգամավորները չեն մեկնում գործուղումների, բայց միայն նրանք են բարձրացնում Արցախի ու Հայաստանի շահերը։

«Եվ Ձեր՝ այդ տոնով հարցերը ձանձրացնում են արդեն»,- ասաց նա։