Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ

Hraparak-ը գրում է․ 

Հայաստանի խորհրդարանում Արցախի դրոշի տեղադրման անհաջող փորձից եւ ընդդիմադիրների՝ ԱԺ նիստերը բոյկոտելուց ու Արցախ մեկնելու մասին հայտարարելուց հետո իշխող ֆրակցիայի որոշ պատգամավորներ կազմակերպված ձեւով սկսեցին դատապարտող ելույթներ ունենալ եւ վրդովված պահանջել Նիկոլ Փաշինյանից՝ քայլեր ձեռնարկել, որ ընդդիմադիրները չտորբեդահարեն իրենց խաղաղության օրակարգը։


Ընդ որում, ելույթները հանձնարարվել էին, իրենց կարծիքով, ծանրքաշային պատգամավորներին, որոնք դատապարտում էին ընդդիմության մեկնումը Արցախ եւ ներկայացնում էին, որ դրանով նրանք պատերազմ են հրահրում, վտանգում են Հայաստանն ու Արցախը։

«Սա իշխանության՝ խաղաղությանն ուղղված ջանքերը տորպեդահարելու փորձ է։ ՀՀ գործադիր իշխանությունից եւ անձամբ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ վերանայել այն սկզբունքները եւ աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է Արցախի եւ ՀՀ-ի մեջ արվող գործընթացներում։ Պահանջում եմ նաեւ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Արցախի ղեկավարությանը՝ իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետեւանքների մասով, որովհետեւ եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, երկրի լինելը դրվում է վտանգի տակ», հայտարարեց Գուրգեն Արսենյանը, որը առանց ուղղորդման երբեք նման ելույթ չէր ունենա։

Պարզվում է՝ իշխանության այս նյարդային ցնցումները նախապատմություն են ունեցել։ Արցախի խորհրդարանական ղեկավարությունը օրերս հրավեր է ուղարկել Հայաստանի խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ գալ Արցախ եւ քննարկել Արցախի ապագա կարգավիճակի հարցը, որը դատելով բանակցային գործընթացից, մնում է անորոշ։ Նախատեսվել են լսումներ, կամ Արցախի խորհրդարանում համատեղ նիստ անցկացնել, որը նաեւ որոշակի մեսիջներ կլիներ՝ թե միջազգային հանրությանն ուղղված, թե՝ Ադրբեջանին, առ այն, որ ՀՀ ղեկավարությունը Արցախը չի դիտարկում Ադրբեջանի կազմում։

Սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն «հանձնել» է Արցախը, ՔՊ-ական պատգամավորները, բնականաբար, մերժել են հրավերը։ Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները վախենում են մեկնել Արցախ։ Հավանաբար նման կտրուկ պահանջ է նրանց առջեւ դրել Ալիեւը։ Արցախ չայցելեցին անգամ Արցախի անկախության 30-ամյակին, մի քանի պատգամավորներ մեկնեցին միայն։

Եւ քանի որ ընդդիմադիրները սկսել են հաճախ այցելել Արցախ, որոշել են սրա վերջը տալ, որ իրենց վարքն ավելի ցցուն չդառնա։

Մենք տեղեկացանք, որ Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորները հասնելով Արցախի սահմանին, արդեն մի քանի ժամ է կանգնած են Լաչինի անցակետի մոտ, նրանց թույլ չեն տալիս հատել անցակետը եւ մուտք գործել Արցախ եւ չեն տալիս որեւէ բացատրություն, թե ինչու թույլ չեն տալիս։ Պատահական չէ, որ երբ ընդդիմադիրները հայտարարեցին Արցախ մեկնելու մասին, իշխանական կայքերը հայտնեցին՝ իբր Արայիկ Հարությունյանը չեղարկել է ընդդիմադիրների հետ պլանավորած հանդիպումը, այնինչ, նման հանդիպում նախատեսված էլ չի եղել։

Ընդդիմությունը Արցախ է մեկնել Արցախի խորհրդարանի հրավերով։