Կարող ենք ենթադրել, որ նոր փաստաթուղթ կա, որը մեզ ստիպելու են ստորագրել, հիմա ճնշում են գործադրում․ Գրիգորյանը՝ Արցախում գազ չլինելու մասին

Ամենախնդրահարույց կետը՝ Ադրբեջանի ներկայացրած հինգ պահանջներից այդ պետության տարածքային ամբողջականությունը ճանաչելն է։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ մենք էլ պետք է խոսենք ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։

«Հայաստանը չի կարող առաջ չտանել ազգերի ինքնորոշման թեզը։ Գործող իշխանության ներկայացուցիչները չեն բացառում Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ներքին Հանդին, ապա Աննա Գրիգորյանը նկատեց, որ ՄԻՊ գրասենյակն այդ առումով անաչառ է գտնվել, ի տարբերություն ՊՆ-ի։

«ՊՆ-ն ասում է, որ այո՛, թշնամին եկել է Ներքին Հանդ, բայց ոչ թե այս, այլ որոշ ժամանակ առաջ»,- նշեց նա։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ ՊՆ հայտարարությունը աբսուրդ է, և ցույց է տալիս այդ գերատեսչության անգործությունը։

«ՊՆ-ն հայտարարում է, որ թշնամին նոր չի եկել, այլ՝ նախկինում, բայց դե մենք որևէ բան չենք արել՝ նրանց հեռացնելու»,- նշեց Գրիգորյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ պետք է պատժի արժանանա ՊՆ տոտալ անգործությունը։ Ինչ վերաբերում է Արցախի գազամատակարարման դադարեցմանը, ապա պատգամավորը նշեց, որ սա Արցախը հայաթափելու շարունակական քաղաքականությունն է։

«Ապրիլի իննին պետք է հանդիպեն ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը, և բանակցություններից առաջ Ադրբեջանը կրկին ճնշումների է գնում։ Ինձ թվում է, որ հավանաբար ինչ-որ փաստաթուղթ կա սեղանին, որը մեզ ստիպելու են ստորագրել։ Կարծում եմ՝ պետք է հղում կատարել այդ հինգ կետերին, որ Ադրբեջանն արդեն հրապարակել է»,- նկատեց պատգամավորը։