Առջևում ՏԻՄ ընտրություններ են․ ՔՊ-ականը Արտակ Գևորգյանի հակաքարոզն է տանում
Երեկ ՊԵԿ-ը հայտարարեց, թե Շիրակի մարզի Անի համայնքում գումարներ են գրպանվել։ Անի համայնքը 2018-2021 թվականներին իրականացրել է 9 սուբվենցիոն ծրագրեր՝ պետական բյուջեից ստանալով ընդհանուր 278,086,800.0 ՀՀ դրամ գումար: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։
«Պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ 2020-2021թվականների ընթացքում, Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Ջրագծի կառուցման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 71,749,000.0 ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրի համար տրամադրվել է 52,444,000.0 ՀՀ դրամ, մինչդեռ պարզվել է, որ Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղումներով, օգտագործվել է անորակ հումք, որի արդյունքում ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ և այն լիարժեք չի շահագործվում։ Արդյունքում, Լուսաղբյուր բնակավարի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները լիարժեք չեն կատարվել և պետության հատկացրած միջոցները ծախսվել են անարդյունավետ և ոչ նպատակային»,-ընթերցեց Պալյանը։
ՔՊ-ական պատգամավորը դիմեց Լուսաղբյուր համայքի բնակիչներին․
«Հենց այս պատճառով է, որ ձեր գյուղի 70 տոկոսը զրկված է խմելու ջրից, պետությունն այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ գումարը տրամադրել է, որը սակայն նպատակին չի ծառայել։ Հաշվի առնելով կատարված մշտադիտարկման արդյունքները, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին։ Մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Հարգելի անեցիներ, հաշվի առնելով վերը նշվածը՝ լիահույս եմ, որ մարտի 26-ին կատարելու եք ճիշտ ընտրություն, որպեսզի այսուհետ համայնք եկող գումարները ծառայեն նպատակային, որպեսզի ունենանք զարգացող համայնք և կյանքի անհամեմատ որակ, որը մեր քաղաքական ուժը երաշխավորում է»,- հավելեց նա։
Ընդգծենք, որ մարտի 26-ին Անի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, թեկնածուներից մեկը Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը գլխավորող Արտակ Գևորգյանն է: ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարն է՝ Արման Սարիբեկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։