ՌԴ-ի նկատմամբ որևէ քայլ չենք արել, որից մեր հարաբերությունները կբարդանան․ Ռուստամ Բաքոյան

ՀՀ-ն ինքնիշխան, անկախ պետություն է և ինքն է որոշում իր արտաքին քաղաքականության ուղղությունն ու կուրսը։ Մենք ՌԴ-ի նկատմամբ որևէ քայլ չենք արել, որին կհետևի մեր հարաբերությունների բարդացումը։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ խոսելով Հռոմի ստատուտի վավերացման մասին։
«Խնդիրն այստեղ այլ է՝ կլինի Հռոմի ստատուտ, թե կլինի ցանկացած մեկ այլ քայլ, անընդհատ դրսի ուժերի կողմից նետվում է Հայաստանի ներքաղաքական կյանք, որպեսզի Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունենան շրջադարձային իրադարձություններ, այդ թվում կուլմինացիոն հեղաշրջում։ Հիմա ՀՀ-ն որոշումներ կայացնելու իրավունք ունի և այդ բոլոր որոշումներն ինքը պետք է կայացնի։ Իսկ եթե հարցեր կան Հռոմի ստատուտին առնչվող, որոնք պետք է բարեկամական երկրի հետ քննարկեին, որոշ բաներ հասկանային, ապա այդ քննարկումները բարձր մակարդակով տեղի ունեցել են»,-ասաց Բաքոյանը։
Պատգամավորը վստահեցրեց, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո դաշնակից երկրի հետ հարաբերություններում որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունենալու։
«Ես վստահ եմ, քանի որ ՌԴ-ն մեր ռազմավարական և բարեկամ դաշնակիցն է, հետևաբար Ռուսաստանն իր բարեկամ երկրի նկատմամբ չի գնա այնպիսի գործողությունների, որոնք կվատթարացնեն ունեցած հարաբերությունները»,-նշեց նա։
Հարցին՝ ՌԴ-ի բարեկամ և դաշնակից լինելը վերջին օրերին Արցախում տեսանելի՞ էր, վերջինս պատասխանեց․
«Ոչ, բնականաբար, որովհետև այն պարտավորությունները, որոնք ՌԴ-ն իր վրա էր վերցրել, չկատարեց։ Ռուս խաղաղապահները պետք է արցախահայերի անվտանգությունն ապահովեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի անխափան երթևեկությունը, բայց սրա փոխարեն մենք տեսանք ինն ամիս շարունակ փակ պահվող Լաչինի ճանապարհը, արցախահայերի անվտանգության չապահովումը․ սա ակնհայտ է։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեր դաշնակից պետության կողմից որևէ կերպ չպահպանվեց»,-ներկայացրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ վստահություն կա, որ Հռոմի ստատուտից հետո ՌԴ-ի վարքագիծը պետք է լինի բարեկամական՝ պատգամավորն արձագանքեց, թե չի կարծում՝ ՌԴ-ին որևէ կերպ կխանգարի արդեն վավերացված կանոնադրությունը։
«Հարաբերություններ բարդացնելու խնդիր չկա։ Ռիսկեր, բնականաբար, ցանկացած տեղում պետք է տեսնել, այլ բան է, որ դրանք պետք է կառավարել»,-շեշտեց նա։
Հարցին, արդյո՞ք տնտեսական խնդիրներ չեն առաջանա, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց․
«Հիմա խոսակցություններ են պտտվում, որ հայկական կոնյակի կամ այլ արտադրանքի նկատմամբ ինչ-որ քայլեր են իրականացվում ռուսական կողմից, կարող եմ ասել, որ նման երևույթներ տեղի են ունեցել մի քանի ամիս առաջ կաթնամթերքի մասով. այդ ժամանակ էլ Հռոմի ստատուտի մասին քննարկում չկար։ Հետևաբար, նորից եմ կրկնում՝ ՀՀ-ն ինքն է որոշում, թե ինչ օրենքներ ու կոնվենցիաներ է ընդունելու, ինչ գործողություններ ու քայլեր է անելու: Մենք նույն ժամանակ նկատի ենք առնում այն փաստը, որ մեր ընդունած որոշումների մեջ պետք է չվնասենք մեր գործընկերներին, բարեկամներին, գուցե նաև դաշնակիցներին»,- հավելեց Բաքոյանը։
Հիշեցնենք, ՀՀ ԱԺ-ն այսօր վավերացրեց Հռոմի ստատուտը, որի վերաբերյալ Մոսկվան իր մտահոգությունն էր արտահայտել:
Լիաննա Թորոսյան