Ինչո՞վ է սպառնում Ռուսաստանը Հայաստանին․ հայացք ՌԴ-ից

Ինչո՞վ է սպառնում Ռուսաստանը Հայաստանին․ հայացք ՌԴ-ից

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին օրերս, գնահատելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուց Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության հնարավոր օգուտները հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ճանաչում է այդ որոշումը որպես Հայաստանի ինքնիշխան իրավունք և «կաշխատի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում»:

Այդ ինչի՞ց պետք է Մեծ Բրիտանիան պաշտպանի կամ ինչո՞վ է սպառնում Ռուսաստանը Հայաստանին․ այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։

«Դե, սա ինչ-որ քաղաքական դեմագոգիա է, որն անիմաստ է։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Հարկավոր է այս հարցերը ուղղել հայտարարությունների հեղինակին։ Չեմ պատկերացնում, թե ինչ սպառնալիքներ կարող է սպասել Հայաստանը Ռուսաստանից։ Ըստ էության, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն արդեն շատ վատացել են։ Բայց, ակնհայտորեն, դրանք կշարունակեն վատթարանալ, թեև ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ է սառեցումը, քանի որ ՀԱՊԿ-ում չկա այնպիսի իրավական ռեժիմ, ինչպիսին սառեցումն է»,- ասաց Խրամչիխինը։

Ըստ նրա՝ հարաբերություններն ամեն դեպքում թշնամական են, արդեն իսկ ակնհայտ է, ոչ ոք դա չի թաքցնում։ Դիտարկմանը, թե տևական ժամանակ է, որ հակառուսական թեզեր և հայտարարություններ են տարածվում իշխանությունների կողմից, արդյո՞ք այդ ամենը միայն խոսակցությունների մակարդակում կմնա, թե՞ քայլեր էլ են լինելու, ինչպե՞ս են իրավիճակը գնահատում Ռուսաստանում, Խրամչիխինն ասաց, որ Ռուսաստանը, բնականաբար, բացասական է նայում։

«Պարզ է, որ Փաշինյանին բերեցին իշխանության՝ նախ Ղարաբաղը հանձնելու, երկրորդ՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու համար։ Նա այս ամենը շատ հաջող է իրականացնում։ Փաստորեն, ի՞նչ հարցեր կան, ամեն ինչ ավելի, քան ակնհայտ է»,- հավելեց Խրամչիխինը։

Մարիաննա Արամյան