Գիտությունների ակադեմիայի ճակատագիրն անհայտ է․ Անդրեասյան

Մենք պետք է ունենանք պետական ֆինանսավորմամբ մինչև ութ բուհ։ Այդ մասին այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ առնվազն չորս բուհեր պետք է հայտնվեն միջագային վարկանիշավորման համակարգերի 500-յակում։
«Մենք ունենք ծրագիր, որը հրապարակային է, նշվում է՝ որ խնդիրը ով է լուծելու, ովքեր են պատասխանատու։ Իսկ թե ինչպես ենք անելու այդ ամենը, հիմա քննարկվում է»,- ներկայացրեց Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ ձևավորված է աշխատանքային խումբ, որը վերլուծություն է ներկայացրել։ Այդ խմբում ներգրավված է եղել նաև ԳԱԱ նախագահը։
«Տարբեր մոդելներ են ներկայացվել, և ուսումնասիրությունների հիման վրա որոշում կընդունվի։ Բուհերին ու գիտահետազոտական ինստիտուտներին կառաջարկենք մեր մոտեցումը, թե ինչպես ենք տեսնում ինտեգրման գործընթացը։ Եվ սա լինելու է շատ թափանցիկ գործընթաց։ Մենք չենք պատրաստվում սա դարձնել խոսակցություն ամեն ինչի մասին, այսինքն՝ հստակ քայլեր են արվելու»,- նկատեց Անդրեասյանը։
Հարցին, թե այս դեպքում ԳԱԱ-ն կշարունակի՞ գործել, Անդրեասյանը հստակ չպատասխանեց՝ նշելով, որ հարցն այս գործընթացին ածանցյալ է։