Դեմարշը շարունակվո՞ւմ է. Ալեն Սիմոնյանը չի մեկնել Բիշքեկ

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Համագործակցության երկրների խորհրդարանների պալատների ղեկավարների հետ։
Քննարկվել են Միջխորհրդարանական վեհաժողովի ընթացիկ օրակարգի հարցերը, ԱՊՀ երկրների գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ փոխգործակցության զարգացումը, երկրների միջև տնտեսական և միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մատվիենկոն նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների հետ... բացառությամբ Հայաստանի, քանի որ Ալեն Սիմոնյանը Բիշքեկ չի մեկնել:
MediaHub-ի հարցին ի պատասխան, ինչո՞ւ ԱԺ նախագահը չի մեկնել Բիշքեկ, վերջինիս խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց.
«Ալեն Սիմոնյանի փոխարեն այս պահին Բիշքեկում է գտնվում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, քանի որ Ազգային Ժողովը պատրաստվում է ընդունել ԵԱՀԿ ԽՎ հերթական նիստը, որին մասնակցելու է 57 երկիր: Եվ դրա հետ կապված կազմակերպչական աշխատանքներով պայմանավորված Ազգային Ժողովի նախագահը չի մեկնել Բիշքեկ»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:
Նա ավելացրեց, որ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ղրղզստանի խորհրդարանի կազմավորման 85-ամյակը, ինչպես նաև հետևում է բիշքեկյան քննարկումներին:
Ռեբեկա Հովհաննիսյան