Արայիկ Հարությունյանը հրավերն ընդունե՞լ է. խոսնակը պարզաբանում է

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանից հետո իրենք պատրաստվում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հրավիրել: Արայիկ Հարությունյանն արդեն հրավեր ստացե՞լ է և եթե այո, ապա ինչպիսին է նրա դիրքորոշումը. Այս հարցով MediaHub-ը դիմեց Արցախի նախագահի խոսնակին: Վերջինս տվեց գրեթե ավանդական պատասխան.
«Նախագահի աշխատակազմը արձագանքելու է պաշտոնական ընթացակարգերին համապատասխան։ Տեղեկատվությունը հրապարակվելու է ըստ անհրաժեշտության»,- ասաց Լուսինե Ավանեսյանը:
Ի դեպ, այն, որ քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկելու նաև Արցախի նախագահին, խոսվում է վաղուց: Բայց այն ժամանակ, երբ այս գաղափարը հնչեցվել էր, Արցախը տոտալ շրջափակման մեջ չէր, իսկ Նիկոլ Փաշինյանը, որ այսօր հանձնաժողովում 44-oրյա պատերազմում պարտությունը բարդեց բոլոր հնարավոր ակտորների վրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչ մեր օրեր, դեռ չէր հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով ներառյալ:
Թեպետ, դժվար է պատկերացնել, որ նույնիսկ այսքանի հետո էլ Արայիկ Հարությունյանը դեմ կգնա Նիկոլ Փաշինյանին:
Նարե Գնունի