Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը

Այսօր՝ ապրիլի 2-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։

Ժամանակացույց՝
ժամը 09.00-ին` Առավոտյան ժամերգություն և ուռենու ոստերի օրհնություն:
ժամը 11.00-ին` Սուրբ Պատարագ և մանուկների օրհնության կարգ:
ժամը 17․00 -ին՝ Դռնբացեք:

Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։

Մարդիկ որքան էլ մտահոգված և ծանրացած լինեն առօրյա խնդիրներով, միևնույն է, սրտի անսովոր ցնծությամբ են պատրաստվում այդ օրվան, քանզի աշխարհիկ հոգսերի և մեղքերի մեջ խեղդված հոգին, այնուամենայնիվ, զգում է Տիրոջ օրհնյալ ներկայությունը։

Շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում, երբ բոլորը պատրաստվում էին Զատկի տոնին, Հիսուս Իր աշակերտների հետ մոտենալով Ձիթենյաց լեռանը, տասներկուսից ընտրված երկու աշակերտներին ասաց. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերեք» (Ղուկաս 19:30): Երբ բերում են ավանակին, Հիսուս նստում է նրա վրա և առաքյալների ուղեկցությամբ ճամփա բռնում դեպի Երուսաղեմ:

Երուսաղեմ մուտք գործելն ունի մեծ խորհուրդ․ այն է՝ մեր սրտերում թույլատրել Տիրոջ ներաբնակությունը, ապրել Նրա պատգամներով և արժանանալ Հավիտենական կյանքին:

Հիսուս ավանակի վրա նստած մտնում է քաղաք` Իր հետ ունենալով աշակերտներին և մարդկանց, ովքեր ցնծությամբ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրա, որպեսզի Տերն անցնի դրանց վրայով, իսկ ոմանք էլ արմավենու և ձիթենու ճյուղերը ձեռքներին՝ փառաբանում էին Տիրոջն ու ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն` բարձունքներում» (Մատթեոս 21:9):

Համաձայն եկեղեցու հայրերի՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը, ինչպես նաև ունի արքաների համար նախատեսված առանձնակի պատիվներ և հանդիսավորություն ցուցաբերելու իմաստ: Բացի այդ, ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, հաճախ համեմատում են հեթանոսների հետ, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը։ ժողովրդի կողմից ծառի ճյուղերով Հիսուսի ճանապարհը զարդարելը նաև հեռու արձագանքն էր բնության զարթոնքին և վերածնունդին սերտորեն կապվող նախաքրիստոնեական մի պաշտամունքի, իսկ Հիսուս մուտք գործելով Երուսաղեմ` ոչ թե սոսկ զարթոնք պարգևեց բնությանը, այլ նոր կյանք և իմաստ հաղորդեց մարդկային ողջ գոյությանը: Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշում է մեղքերից ազատվելը, իսկ ավանակի վրա մուտք գործելը խոնարհության և խաղաղության իմաստն ունի:

Հիսուս Քրիստոսին տեսնելու հույսով բոլորը հավաքվել էին քաղաքի դարպասների մոտ, քանզի լսել էին Նրա կատարած հրաշքների, բժշկությունների և, ի վերջո, Ղազարոսի հարության մասին և վստահ էին, որ Նա է լինելու իրենց փրկությունը: Սակայն նույն այդ մարդիկ օրեր անց պետք է Նրան խաչի մահվանը դատապարտեին։ Հիսուս առաջին անգամ չէր, որ Երուսաղեմ էր գալիս, բայց այս մեկը պետք է լիներ վերջինը, պիտի մտներ Երուսաղեմ և հասներ Իր երկրավոր կյանքի վերջին հանգրվանին, որն էր Խաչի ճանապարհը։

Ծաղկազարդի նախորդ օրը՝ հընթացս երեկոյան ժամերգության, կատարվում է նախատոնակ,բացվում են եկեղեցիների խորանները, իսկ Ծաղկազարդի առավոտյան՝ ժամերգության ավարտին, կատարվում է Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ, այնուհետև մատուցվում է Սուրբ Պատարագ և տրվում է Սուրբ Հաղորդություն։

Կարևոր է օրվա խորհրդի գիտակցումը և այն մանուկների հետ եկեղեցում տոնելը: Թեև բոլորն էլ ուրախացել էին Քրիստոսին դիմավորելիս, այնուամենայնիվ, ըստ ավետարանական նկարագրության, ամենաանկեղծ ոգևորությունը մանուկներինն էր: Դա է պատճառը, որ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնին նաև մանուկների օրհնության կարգ է կատարվում: Մանուկներն իրենց անմեղությամբ կրում են Աստծու լույսն իրենց սրտում և օրհնություն ստանալով՝ այն իրենց հետ տուն են տանում ու սփռում ընտանիքի անդամների վրա:

Արդ, մանկան անկեղծ սրտով ու ջերմությամբ մոտենանք այդ երանելի օրվան, վերցնենք ուռենու ոստերն և, ընդունելով Տիրոջը մեր սրտերում, փառաբանենք և օվսաննաներ հղենք մեր Արարչին՝ միշտ հավատարիմ մնալով Նրան, Ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար, Ով սպասում է մեզ ամեն օր:

Աղբյուրը՝ qahana.am