Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին. Կոպիրկին

Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին. Կոպիրկին

Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին. RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում և իհարկե, ռուսական կողմն ակնկալում է երկրի ղեկավարի՝ նախագահ, վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասաց դեսպանը։

Նրա խոսքով, միջպետական ​​հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ է բարձր մակարդակով փոխայցելությունները, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում։

«Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում են մեր երկրների փոխվարչապետերը։ Դրան մասնակցել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ»,- նշել է Կոպիրկինը։

Նա հավելեց, որ մի շարք հրավերներ կան ռուսական կողմից հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսված նշանակալից միջոցառումներին։

«Ես հիմա ամեն ինչ չթվարկեմ, մենք աշխատում ենք այդ հարցի վրա, իհարկե, նման փոխանակումներ, այդ թվում՝ բարձր մակարդակով այցելություններ, օրակարգում են»,- ասաց դեսպանը։